- Main
- Node
- «ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՎԱՅԵԼԵՔ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ԵՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
September 30, 2019 | 19:13
Գիտություն
«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՎԱՅԵԼԵՔ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ԵՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը տեղի ունեցող միջազգային գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Ամենամյա գիտաժողովին այս տարի զեկուցմամբ հանդես է գալու 250 մասնակից, որից 38-ը ներկայացնում են արտասահմանյան 9 երկրների գիտահետազոտական հաստատություններ: Գիտաժողովի ընթացքում զեկուցումները ներկայացվելու են մասնագիտական 17 բաժանմունքներում: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ փոխնախագահ Անի Հակոբյանը փաստեց, որ գիտաժողովի մասնակցության հայտերն անցնել են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում է հաստատվել զեկուցողների մասնակցությունը:
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ, որին ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր, միջոցառման հանդիսավարներ Լիլիթ Հարությունյանը և Նարե Սմբատյանը ներկայացրին ԵՊՀ-ի հիմնադրման պատմությունը, ինչպես նաև ՈՒԳԸ-ի դերն ու նշանակությունը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, դիմելով գիտաժողովի մասնակիցներին, որոնք իրենց խոսքն են ցանկանում ասել գիտության մեջ, խորհուրդ տվեց շուտ ազատվել երիտասարդ բնորոշչից. «Գիտության մեջ խոսք կամ ասում են, կամ ոչ: Խոսք ասելիս երբեք չվախենաք սխալվելուց: Աշխատող մարդը երբեմն սխալվում է, հատկապես եթե ուզում է նոր ճանապարհ բացել որևէ բնագավառում, իսկ գիտնականը պարտավոր է դա անել»:
«Նոր արդյունք ստեղծելիս մի՛ վախեցեք սխալվելուց, բայց շատ վախեցեք գրագողությունից: Եթե մեկ անգամ տրվեք գրագողություն իրականացնելու գայթակղությանը, ամբողջ կյանքում չեք կարողանա այդ բիծը մաքրել ձեր վրայից: Խիզախեք, բացեք նոր ճանապարհներ»,- հորդորեց Գեղամ Գևորգյանը և խորհուրդ տվեց նաև անկախ ամեն ինչից՝ ամբողջ կյանքում վայելել հետազոտելու և սովորելու բերկրանքը:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը փաստեց, որ ԵՊՀ-ն իր 100-ամյա գործունեության ընթացքում ունեցել է մեծաթիվ շրջանավարտներ, որոնք տարիների ընթացքում հավերժական փառքով են պսակել ոչ միայն իրենց և ԵՊՀ-ի, այլև երկրի շահը. «Հետևապես զարմանալի չէ, որ ԵՊՀ-ն համարվում է ազգային և պետական արժեք: Եվ պատահական չէ, որ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպվել է նաև գիտաժողով ԵՊՀ ուսանողների և երիտասարդ հետազոտողների համար»:
Վանատուր Շերենցը ՈՒԳԸ-ի ողջ անձնակազմի անունից ասաց, որ համալսարանի և պրոֆեսորադասախոսական կազմի հասցեին հնչում են հայտարարություններ, ընդ որում՝ 100-ամյակի առթիվ, որոնք ամենևին էլ տրամաբանական չեն. «Որովհետև այն քննադատությունները, որոնք հնչում են որոշ մարդկանց կողմից համալսարանի հասցեին, պետք է հաշիվ տան՝ հիշելով ընդամենը մեկ բան. համալսարանին պետք է քննադատել, բայց համալսարանին քննադատելու համար քննադատելու իրավունքը պետք է վաստակել»:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ուրախությամբ փաստեց, որ գիտաժողովին ներկայացվող զեկուցումներն ամփոփելու են գիտական շուրջ երկու տասնյակ ոլորտներ. «Վստահ եմ, որ նման գիտաժողովները խթանում են միջմշակութային հարաբերությունների հաստատմումն ու մասնակիցների գիտահետազոտական ունակությունների զարգացումը, ինչպես նաև նպաստում ԵՊՀ-ի միջազգայնացման գործընթացին և դրա բարելավմանը: Մաղթում եմ թեժ և հետաքրքիր քննարկումներ»:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները՝ նվագելով Կոմիտասի մանրանվագները, ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներն իրենց պարային կատարմամբ, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի և պարի համույթը՝ «Յարխուշտա»-ի կատարմամբ։
Մեզ հետ զրույցում Վանատուր Շերենցն ասաց, որ գիտաժողովի ընթացքում, բացի բաժանմունքների աշխատանքներից, կազմակերպվելու են նաև պանելային քննարկումներ՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ. «Բացի դրանից՝ օտարերկրյա մասնակիցների համար իրականացնելու ենք այցեր դեպի ՀՀ պատմամշակութային վայրեր»:
Քնար Միսակյան