- Main
- Node
- «ՓՈՔՐ ԵՐԿԻՐ, ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆ». ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
October 01, 2019 | 12:18
Հասարակություն
«ՓՈՔՐ ԵՐԿԻՐ, ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆ». ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովի մասնակիցների համար սեպտեմբերի 30-ին անցկացվեց «Փոքր երկիր, մեծ երազանքներ. Հայաստան» խորագրով մշակութային երեկո, որի հատուկ հյուրերն էին հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինն ու ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Միջոցառման ժամանակ Մենուա Սողոմոնյանը մասնակիցներին ներկայացրեց հայաստանյան բարձրագույն կրթության համակարգը՝ խոսելով համալսարանական ավանդույթների, ԵՊՀ-ի անցած ճանապարհի և ոլորտի ներկայիս մարտահրավերների մասին:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտը, հիշելով ՀՀ վարչապետի առաջադրած խնդիրը, որը սահմանում է առաջիկա տասը տարիների ընթացքում ԵՊՀ-ն դարձնել աշխարհի լավագույն 500 բուհերից մեկը, ասաց, որ դրան հասնելու համար պետք է հստակեցնել՝ ինչ տեղ է այժմ զբաղեցնում ԵՊՀ-ն, և ինչ խնդիրներ պետք է հաղթահարվեն արագ զարգացման ճանապարհին:
«Հայաստանյան բուհերը եվրոպական համալսարանների հետ իրագործում են շարժունակության ծրագրեր՝ կազմակերպելով ուսանողների և դասախոսների փոխանակում, սակայն ազգային մակարդակում մեր բուհերը չեն համագործակցում միմյանց հետ: Հայաստանում այսօր կա ավելի քան 25 բուհ, ինչը նշանակում է, որ այս փոքր երկրի համար տաղանդը մասնատվում է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Նրա համոզմամբ, Հայաստանում բարձրագույն կրթության հիմնախնդիրներից է բուհերում կազմակերպչական, ֆինանսական և ակադեմիական ինքնավարության ոչ բավարար վիճակը. «Բացի դրանից՝ չկա բարձրագույն կրթության համապարփակ ռազմավարական զարգացման ծրագիր: Բուհերը մեծապես կախված են ուսման վարձերից, գործում է պետական ֆինանսավորման անարդյունավետ մոդել»:
Խոսելով ինստիտուցիոնալ թերությունների և խնդիրների մասին՝ Մենուա Սողոմոնյանն առանձնացրեց մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության և քաղաքականության բացակայությունը, բակալավրիատի ծրագրերի ծանրաբեռնվածությունը, մագիստրոսական գրավիչ ծրագրերի պակասը, ասպիրանտական չկարգավորված ծրագրերը, ֆիզիկական թերզարգացած ենթակառուցվածքը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ ունեցած թույլ կապերը:
Անդրադառնալով ինստիտուցիոնալ առավելություններին՝ բանախոսն ընդգծեց Արևելագիտության ֆակուլտետում, Ֆարմացիայի ինստիտուտում, ՏՏ և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոններում գործող բակալավրիատի և մագիստրատուրայի առաջադեմ բազմաթիվ ծրագրերը: Նա ընդգծեց նաև ԵՊՀ-ի մասնակցությունը «Erasmus+» ծրագրի մի շարք նախագծերին, որոնք նպատակ ունեն հզորացնելու անձնակազմը, նպաստելու միազգայնացմանը, դասախոսներին փոխանցելու ակտիվ ուսուցման հմտություններ և այլն:
«ԵՊՀ-ում առկա է նաև էլեկտրոնային կառավարման համակարգ: Մեր համալսարանում գոյություն ունեն որակի ապահովման որոշ բաղադրիչներ՝ դասախոսական կազմի զարգացման ծրագիրը, դասավանդման որակի վերաբերյալ ուսանողների հարցումները: Այժմ էլ մեկնարկում է մագիստրոսական ծրագրերի մշտադիտարկման գործընթաց»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Նրա կարծիքով, բարձրագույն կրթության և հետազոտության որակը բարելավելու համար անհրաժեշտ է սկսել համալսարանական ցանց ստեղծելու գործընթաց՝ միավորելով բուհեր, դրանց միջև համագործակցություններ հաստատելով և այլն, ֆինանսավորումը կատարել՝ ըստ կատարողականի, մշակել հաշվետվողականության չափանիշներ կատարողականը չափելու համար, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների և բուհերի գործունեության ինտեգրման կշռադատված ծրագիր:
«Բացի դրանից՝ պետք է քննարկել յուրաքանչյուր ֆակուլտետի հետազոտական առաջնահերթությունները, բոլոր մասնագիտությունների համար ազգային որակավորման շրջանակի բնութագրիչներ սահմանել, սկսել աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ հետազոտություն, ինչպես նաև բարեփոխել կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը՝ ներառելով ավելի շատ հետազոտական և աշխատաշուկային ուղղված բաղադրիչներ»,- նշեց Մենուա Սողոմոնյանը:
Մշակութային երեկոյի ընթացքում ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի անդամ Արուսիկ Ավետիսյանը մասնակիցների համար հայկական երգ կատարեց՝ օտարերկրյա ուսանողներին ծանոթացնելով հայկական երաժշտությանը:
Միջոցառման հատուկ հյուր, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը գիտաժողովի մասնակիցներին պատմեց, թե ինչպես է սկսել ճանապարհորդել: Նա փաստեց, որ արդեն հասցրել է այցելել ավելի քան 140 երկիր, ընդ որում՝ այդ երկրներից շատերում եղել է մի քանի անգամ՝ ուսումնասիրելով վերջիններիս պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները:
Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նա հիշեց իր կյանքի ուշագրավ դեպքերը, նրանց հետ քննարկեց Հայաստանի անցյալն ու ապագան, խոսեց առկա սպառնալիքների, ինչպես նաև տնտեսական զարգացումների հնարավոր հեռանկարների մասին: Ալեքսանդր Լապշինը ներկայացրեց նաև հակամարտությունների վերաբերյալ իր դիրքորոշումը և փաստեց, որ Հայաստանը դարձել է իր երկրորդ հայրենիքը:
Քնար Միսակյան