- Main
- Node
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
October 01, 2019 | 17:16
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կապույտ դահլիճում այսօր զեկուցումներով հանդես եկան Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ Տիրայր Վարդազարյանը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Հասմիկ Հարությունյանը:
Միջոցառման կազմակերպիչը ԵՊՀ ՈՒԳԸ-ն էր, իսկ ներկաների թվում էին օտարերկրյա ուսանողներ:
Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձան իրավագիտության դասավանդման արդի հիմնախնդիրներին, կիսվեցին իրենց փորձով:
Նրանք խոսեցին իրավագիտության դասավանդման մեթոդաբանության փոփոխության, առաջատար փորձի ներդրման և տեղայնացման, դասագրքաստեղծ գործունեության, դատախաղերի և վերջիններս՝ որպես ֆակուլտատիվ առարկա ներդնելու հնարավորությունների և լեզուների իմացության մասին:
Տիրայր Վարդազարյանի համոզմամբ, աշխատաշուկայում կարևորվում են մասնագիտական հմտությունները, ուստի ուսանողները պետք է խորացնեն թե՛ մասնագիտական գիտելիքները, թե՛ հմտությունները:
Իսկ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Հասմիկ Հարությունյանի կարծիքով, ուսանողներին պետք է հնարավորինս շատ տարածք տրամադրել, որպեսզի նրանք կարողանան իրենց մտքերն ազատ արտահայտել:
«Միայն այդ դեպքում ուսանողները հնարավորություն կունենան հանդես գալու սեփական մեկնաբանություններով, որը թույլ կտա հետագայում այդ ուսանողներին աշխատաշուկայում իրենց տեղն ու դիրքն ունենալ»,- նշեց Հ. Հարությունյանը:
Բանախոսներն անդրադարձան նաև գրագողության խնդրին և այլ աղբյուրների բառացի թարգմանության վտանգներին, ինչպես նաև անկաշկանդ դասապրոցեսի կազմակերպման, տեսական պարապմունքներից զատ՝ իրավա֊դատական դերախաղերի ու օրենսդրական քննարկումների առկայության կարևորությանը:
Անգին Խաչատրյան