- Main
- Node
- ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
October 01, 2019 | 17:50
Քաղաքականություն
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ օրակարգային երկու հարցով:
Օրակարգային առաջին հարցի շրջանակում տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ ոսկե մեդալով պարգևատրված վարչական մասի աշխատակիցների և արծաթե մեդալի արժանացած համալսարանականների պարգևատրման արարողությունը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ բոլորն արժանի են պարգևատրման. «Կարևորն այն էր, որ բոլորս տոն ստացանք: Համալսարանում այս օրերին թևածում էր տոնական տրամադրությունը»:
Գեղամ Գևորգյանը, բոլոր պարգևատրվողներին հանձնելով մեդալները և շնորհավորելով, ասաց, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում անփոխարինելի դերի համար ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն արժանանում է ոչ միայն ոսկե մեդալի, այլև որպես պարգևատրում՝ ստանում է գորգ, որի վրա գրված է «ԵՊՀ 100»:
«Կրկին շնորհավորում եմ բոլորին: Սա թող լինի արդեն փակված էջ, և այսօրվանից սկսենք մի նոր՝ երկրորդ հարյուրամյակի փուլ՝ նոր նվաճումներով և հաջողություններով»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Ռեկտորատի նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր քննաշրջանի ամփոփմանը: Գեղամ Գևորգյանն ասաց, որ 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ լուծարքի ամփոփագրի համաձայն՝ բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 136 և հեռակա ուսուցման համակարգի 90 ուսանող չի հավաքել անհրաժեշտ կրեդիտները, այսինքն՝ ունի ակադեմիական անբավարար առաջադիմություն:
«Մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ լուծարքի ամփոփագրի համաձայն էլ՝ 24 մագիստրոս չի հավաքել կրեդիտների պահանջվող չափը: Եվ հետևաբար, առկա ուսուցման համակարգի 14 և հեռակա ուսուցման համակարգի 10 մագիստրոս ևս ունի ակադեմիական անբավարար առաջադիմություն»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:
Նա ասաց, որ որոշվել է, ըստ կարգի, հեռացնել բոլորին:
Ռեկտորատի նիստի ընթացքում ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ԿԳՄՍՆ-ին է ներկայացվել հաջորդ տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը՝ համապատասխան քննություններով:
«Գերատեսչական բոլոր մարմիններում անցկացվել է քննարկում: Երեկ երեկոյան էլեկտրոնային փոստով ինձ ուղարկել են որոշակի փոփոխություններով փաստաթուղթ, որոնք բավականին լուրջ հարված են հասցնելու համալսարանին: Հարցը պետք է քննարկել և միասնական լուծում առաջադրել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ, օրինակ, Ռուս բանասիրության ֆակուլտետում անցած տարվանից ներդրվել է «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն» կրթական ծրագիրը՝ ռուսերեն գրավոր և ռուսերեն բանավոր կամ անգլերեն գրավոր քննություններով և հայոց լեզու՝ դպրոցի գնահատականով. «Նախարարությունից պնդում են, թե եթե կա թարգմանություն հասկացությունը, ապա հայոց լեզվի պարագայում մենք իրավունք չունենք դպրոցի գնահատական ընդունել»:
«Բացի դրանից, օրինակ, Մաթեմատիկայի և մեխանիկայի և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում մենք ընդունելությունը կազմակերպում էինք այսպես. մաթեմատիկայի միասնական քննություն, ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր): Նախարարությունից ասում են, որ պետք է հանել անգլերենը, իսկ այսօր գիտենք, որ դիմորդների մեծ մասը պարապում է մաթեմատիկա և անգլերեն, քանի որ այդ առարկաների իմացության դեպքում բուհերի ընտրության շրջանակը մեծանում է, այդ թվում՝ արտասահմանյան»:
Արմեն Սարգսյանի հավաստմամբ, այդ քայլով ԵՊՀ-ն դուրս կմնա մրցակցությունից, իսկ այն պատճառաբանությունը, թե ֆիզիկայի դերը կմեծանա, սխալ է, քանի որ դրա համար պետք է աշխատանք իրականացնել դպրոցներում:
Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ բացի այդ խնդրից՝ այսօր դժվար է պատկերացնել մասնագետ, որը չի տիրապետում օտար լեզվի, մասնավորապես՝ անգլերենին:
Ներկայացնելով նմանօրինակ խնդիրներ՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ պարզաբանելով, որ փոփոխությունները կվնասեն համալսարանին:
Ռեկտորատի նիստի ընթացքում բաձրաձայնված հարցի վերաբերյալ ծավալվեց քննարկում, որի ժամանակ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց հարցը քննարկել գիտխորհրդում և համալսարանի անունից միասնական դիրքորոշում ներկայացնել:
Քնար Միսակյան