- Main
- Node
- «ԵԹԵ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ «ԹԻԹԵՌՆԻԿԻ ԷՖԵԿՏ»-Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԱՇԱՐԺ ԱԶԴԵԼՈՒ Է ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ». ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
October 03, 2019 | 16:02
Գիտություն
«ԵԹԵ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ «ԹԻԹԵՌՆԻԿԻ ԷՖԵԿՏ»-Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԱՇԱՐԺ ԱԶԴԵԼՈՒ Է ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ». ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԳԸ -ի կողմից կազմակերպված պանելային 4 նեղ քննարկումներից առաջինը։
Քննարկման 1-ին պանելի թեման նվիրված էր մերձավորարևելյան արդի հիմնախնդիրներին՝ սոցիալական, կրոնական և էթնո֊քաղաքական դիսկուրսում։
Ներկաների համար դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
Վերջինս ապագա քաղաքագետներին, արևելագետներին և միջազգայնագետներին ներկայացրեց Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, առաջացած կոնֆլիկտների նախապատմությունը և տարածաշրջանում գերտերությունների շահերը:
«Իմ ուսանողներին ցանկանում եմ տարածաշրջանի մասին այնպիսի գիտելիքներ փոխանցել, որոնք չեն գտնի գրքերում, մամուլում կամ փորձագիտական կարծիքներում,- շեշտեց Աբրահամ Գասպարյանը,- մենք այսօր կփորձենք ներսից հայացք գցել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած և ունեցող իրադարձությունների վրա»:
Նրա խոսքով, Մերձավոր Արևելքը բարդ տարածաշրջան է, որտեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, որտեղ գործընթացներն արագ ու դինամիկ են ընթանում, և չպետք է մոռանալ այն կարևոր փաստի մասին, որ Հայաստանը Մերձավոր Արևելքի հյուսիսային դարպասն է:
«Եթե քաղաքագիտության մեջ կա «Թիթեռնիկի էֆեկտ»-ի տեսությունը, ապա Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցանկացած տեղաշարժ ազդելու է նաև մեր երկրի վրա»,- նշեց ԵՊՀ դոցենտը:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները, ըստ բանախոսի, ընդամենը բիզնես են. զենքի համաշխարհային արտադրություն, որի մեջ ներգրավված են բազմաթիվ խմբավորումներ:
«Սառը պատերազմի ավարտից հետ ամբողջ աշխարհում տեղի ունեցավ 3 էական փոփոխություն՝ գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական, այս երեք շերտերի վերլուծությունը մեզ հնարավորության կտա գտնելու այն հարցի պատասխանը, թե, օրինակ, ինչու է ռուսական զորքը հապաղում ազատագրել սիրիական Իդլիբ նահանգը»,- պարզաբանեց Աբրահամ Գասպարյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև Խորհրդային միության փլուզման գործընթացին, որի շունչը շատ արագ զգաց Արևմուտքը ու պահը բաց չթողնելով՝ սկսեց առանձին-առանձին աշխատանք տանել բռնակցված երկրների հետ, որոնց այլևս ոչինչ չէր միավորում:
Դասախոսության ընթացքում Աբրահամ Գասպարյանը խոսեց քաղաքական այն իրավիճակից, որը ստեղծվել էր Խորհրդային միության փլուզումից հետո, թուրքական աշխատուժի՝ դեպի Եվրոպա արտահանելու պատճառների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի դերի մասին:
Վերջում ուսանողների և բանախոսի միջև ակտիվ քննարկում ծավալվեց:
Անի Պողոսյան