- Main
- Node
- ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
October 03, 2019 | 18:02
Քաղաքականություն
ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ՝ օրակարգային հինգ և ընթացիկ հարցերով:
Գիտխորհրդի նիստի օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն առաջարկեց օրակարգով սահմանված առաջին հարցը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն անցկացնել օրակարգի մյուս հարցերի սպառումից հետո:
Նիստի ընթացքում Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատման մասին հարցը:
Նա փաստեց, որ ֆակուլտետներից ստացված փաստաթղթերի հիման վրա ամփոփվել է այս տարվա անվանական կրթաթոշակների թեկնածուների ցանկը. «54 անվանական կրթաթոշակների համար ներկայացվել է 57 թեկնածու, որից 35-ը նոր հավակնորդներ են: Բոլոր փաստաթղթերը համապատասխանում են կարգով սահմանված պահանջներին»:
Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ հաստատվեց ԵՊՀ գիտական խորհրդի 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, որում ներառված հարցերը, Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, պլանային են. «Ժամանակի ընթացքում կարող են լինել փոփոխություններ, ավելացվեն նոր հարցեր»:
Գիտխորհրդի նիստի ընթացքում հաստատվեցին նաև ԵՊՀ բակալավրիատի կրթական նոր ծրագրերը: Գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է նոր ծրագրերի հաստատման հարցը:
«Ներկայացվել է բակալավրիատի կրթական 4 նոր ծրագիր երկու ֆակուլտետների կողմից: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներկայացվել է «Հանրային քաղաքականություն և հանրային մենեջմենթ», իսկ Ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» և «Երկակի նշանակության տեխնոլոգիական ֆիզիկա» ծրագրերը»,- ասաց Էմիլ Գևորգյանը:
Նա փաստեց, որ կրթական նոր ծրագրերն անցել են պահանջվող ընթացակարգերը: Գիտխորհուրդը հաստատեց առաջադրված հարցը:
Հաջորդիվ ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը զեկուցեց գիտական խորհրդի հանձնաժողովներում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որոնց՝ փոփոխություն է նախատեսվում գիտխորհրդի 3 հանձնաժողովներում:
«Որակի ապահովման հանձնաժողովի կազմում Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Էլինա Արիստակեսյանը կփոխարինի Ժենյա Թոթոլյանին, քանի որ վերջինս ավարտել է ուսումը: Նույն հանգամանքով պայմանավորված՝ Բնագիտական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի անդամ Հովհաննես Ադոնցին կփոխարինի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Մարգարյանը: Իրավական ակտերի, նախագծերի մշակման և փորձաքննության կազմում էլ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված պրոռեկտորների փոփոխության հետ»,- զեկուցեց Լևոն Հովսեփյանը:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը հաղորդեց ԵՊՀ կրթական ծրագրերի մոնիտորինգի և վերանայման կարգի կիրարկման մասին. «Մշտադիտարկման ներդրումը կարևոր է կրթական ծրագրերի որակի, դրանց հատուցման արդյունավետության և շարունակական բարելավման տեսանկյունից: Այն դառնալու է ներքին կարևոր մեխանիզմներից մեկը, որը պարտադիր պայման է՝ ըստ պետական հավատարմագրման չափորոշիչների»:
Գեղամ Գևորգյանը կոչ արեց բոլորին գործընթացին ավելի լուրջ մոտենալ, ուսանողներին էլ հորդորեց ավելի պահանջատեր լինել և հանդես գալ առաջարկություններով:
Անցնելով ընթացիկ հարցերին՝ ԵՊՀ գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զիգենի համալսարանի հաբիլիտացված դոկտոր Սուրեն Գրիգորյանին, ինչպես նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Արամ Հովհաննիսյանի՝ «Հայոց եկեղեցին կիլիկյան շրջանում» աշխատանքը որպես բուհական դասագիրք հաստատելու համար միջնորդել ԿԳՄՍՆ-ին:
Այնուհետև Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի առաջարկությամբ գիտխորհուրդը քննարկեց ԿԳՄՍՆ-ի առաջարկած փոփոխությունները՝ կապված հաջորդ տարվա ընդունելության մասնագիտությունների քննությունների հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ռեկտորատի նիստի ժամանակ ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում ընդունելությունը նախկինում կազմակերպում էր այսպես. մաթեմատիկայի միասնական քննություն, ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր): Նախարարությունից ասում են, որ պետք է հանել անգլերենը, իսկ Ռուս բանասիրության ֆակուլտետում անցած տարվանից ներդրված «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն» կրթական ծրագրի ընդունելության համար ռուսերեն գրավոր և ռուսերեն բանավոր կամ անգլերեն գրավոր քննություններին ավելացնել նաև հայոց լեզու գրավոր քննությունը, քանի որ առկա է թարգմանություն հասկացությունը, մինչդեռ ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի փոխանցմամբ, թարգմանությունն արվում է հայերենից ռուսերեն, և ըստ այդմ՝ հայոց լեզվի գնահատականը կարող է լինել դպրոցից:
Գիտխորհուրդը որոշեց միասնական առաջարկությամբ հանդես գալ և հորդորել ԿԳՄՍՆ-ին երեք ֆակուլտետների ընդունելությունը կազմակերպել այնպես, ինչպես եղել է նախկինում:
Օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կներկայացնենք առանձին հրապարկմամբ:
Քնար Միսակյան