- Main
- Node
- ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒԳԸ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
October 04, 2019 | 15:51
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒԳԸ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ՈՒԳԸ 6-րդ միջազգային գիտաժողովի արդյունքների ամփոփումը և փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, ՈՒԳԸ անդամները, գիտաժողովի մասնակիցները:
Գեղամ Գևորգյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու, ակտիվ մասնակցության համար՝ նշելով, որ ուսանողները պետք է միշտ բարձր պահեն գիտական և ակադեմիական ազատության մակարդակը՝ զերծ մնալով գրագողությունից:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մաղթեց, որ գիտաժողովը շարունակական բնույթ կրի, ինչից հետո ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցն ամփոփեց սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովի արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով զեկուցումներով հանդես եկած 231 մասնակիցներին և գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված անձանց:
Տարբեր մասնագիտական բաժանմունքներում լավագույն զեկուցում ներկայացրած 25 մասնակիցներ պարգևատրվեցին հավաստագրերով, ինչպես նաև հնարավորություն ստացան տպագրվելու «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականում:
«Իհարկե, սա չի նշանակում, որ մյուս մասնակիցների զեկուցման թեմաները պակաս արդիական կամ գիտական են, ուղղակի լավագույն զեկուցող ճանաչված մասնակիցների գիտական հոդվածների մեթոդաբանությունն ավելի մոտ է ընդունված չափանիշներին»,- ասաց ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը:
«Գիտաժողովի այն մասնակիցները, որոնք հավաստագրեր չեն ստացել, թող չհիասթափվեն՝ մտածելով, թե ոչինչ չեն արել, իսկ ստացողները հասկանան, որ պարգևատրումն այս պահի գնահատականն է, որը չպետք է ամբողջ կյանքում ուղենիշ դառնա, քանի որ միշտ պետք է սովորել և կատարելագործվել»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը բրոնզե մեդալներ հանձնեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ պարգևատրված ՈՒԳԸ անդամներին:
Գիտաժողովի մասնակից, Սարատովի պետական համալսարանի ուսանող Թորգոմ Զատիկյանը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին ամեն ինչ բարձր մակարդակով և պատշաճ կազմակերպելու համար, նշեց, որ գիտաժողովը ոչ միայն հիանալի հնարավորություն էր փորձի փոխանակման, նոր ընկերներ ու գիտելիքներ ձեռք բերելու համար, այլև ևս մեկ անգամ ցույց տալու ողջ աշխարհին, որ Հայաստանը, թեև տարածքով փոքր է, սակայն ունի մեծ ներուժ, որն է մարդկային ներուժը:
Հասմիկ Ասլանյան