- Main
- Node
- ԵՊՀ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
October 08, 2019 | 15:36
Հասարակություն
ԵՊՀ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
«Արթուրս Աղվերան ռեզորթ» հանգստյան տանը հոկտեմբերի 4-6-ը տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն 4-րդ տարին կազմակերպվող միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլը, որի հաղթողն է դարձել «ԵՊՀ-2» թիմը:
Միջբուհական դատախաղ-մրցույթի բանվոր փուլին մասնակցել են գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարած վեց թիմեր՝ Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» և «ԵՊՀ-2», Գավառի պետական համալսարանի «Աժդահակ», Արցախի պետական համալսարանի «Արցախ», ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Ֆեմիդա» և «Օրենքի պատվար» թիմերը:
Մրցող թիմերից յուրաքանչյուրը կիսաեզրափակիչ փուլում հանդես է եկել և՛ որպես մեղադրանքի, և՛ որպես պաշտպանության կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով՝ եզրափակիչ փուլում մրցելու հնարավորություն են ստացել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» և «ԵՊՀ-2» թիմերը, որոնք եզրափակիչ փուլում վիճակահանությամբ որոշված կարգով համապատասխանաբար ներկայացրել են մեղադրանքի և պաշտպանության կողմը:
Եզրափակիչ խաղը դիտելու համար դատախաղին ներկա են եղել ոչ միայն մասնակից բոլոր թիմերի անդամները, մարզիչները և բուհերի ներկայացուցիչները, այլև ՀՀ իրավական հանրությունը ներկայացնող կառույցների անդամներ:
Դատախաղ-մրցույթի ժյուրիի հավաստմամբ, եզրափակիչ խաղն անցել է հետաքրքիր ու լարված: Ամփոփելով խաղի արդյունքները՝ ժյուրի նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հայտարարել է, որ լավագույնն է ճանաչվում Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմը, որն էլ կազմակերպիչների կողմից ստացել հաղթողի համար սահմանված գավաթը:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը հաղթող թիմի մարզիչին՝ ԵՊՀ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սուջյանին հանձնել է Երևանի պետական համալսարանի կողմից սահմանված «Հաղթող թիմի մարզիչ» մրցանակը:
Բացի դրանից՝ մրցույթի մասնակիցների համար սահմանվել էին մրցանակներ նաև դատախաղի կազմակերպիչների, ՀՀ տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից մասնակցության հավաստագրեր են հանձնվել բոլոր թիմերի մասնակիցներին, ինչպես նաև խրախուսական նվերներ՝ հաղթող չճանաչված թիմերին:
ՀՀ իրավաբանների միության կողմից սահմանված «Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ԵՊՀ -1» թիմը, որն արժանացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում սահմանված մրցանակին:
«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում մրցանակներ էին սահմանել ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը: «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Սիմոն Բաբայանը Հանրային պաշտպանի գրասենյակում 6 ամիս ժամկետով անվճար պրակտիկա անցնելու հնարավորություն ընձեռող հավաստագիր է հանձնել «ԵՊՀ -1» թիմի անդամ Վահագն Թանգամյանին, իսկ «ԵՊՀ -2» թիմի անդամ Լուսինե Հովհաննիսյանին՝ 20 տոկոս զեղչի հնարավորությամբ ՀՀ փաստաբանական դպրոցում սովորելու հավաստագիր:
«Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում լավագույնը ճանաչվել է «ԵՊՀ -1» թիմի ներկայացուցիչ Գևորգ Բարսեղյանը, որին ժյուրիի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից սահմանված մրցանակը:
«Լավագույն հռետոր» անվանակարգում կրկին հաղթող է ճանաչվել «ԵՊՀ -2» թիմի անդամ Լուսինե Հովհաննիսյանը, որին սահմանված մրցանակը հանձնել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից սահմանվել է հատուկ մրցանակ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ներկայացնող թիմերի ներկայացուցիչների համար, ինչը հնարավորություն կտա նրանց վերապատրաստվելու ՄԻՊ-ի գրասենյակում:
Ներկայացնելով իրենց տպավորությունները դատախաղ մրցույթի մասին՝ մրցույթի կազմակերպիչները, մասնակիցները, ժյուրիի անդամները, դիտորդները, մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչները կարևորել են դրա բացառիկ դերակատարությունն ուսանողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերելու, դրանք պրակտիկայում կիրառելու հմտություններ ձևավորելու տեսանկյունից:
Ժյուրիի անդամներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, փաստաբան Արմինե Ֆանյանն ուսանողների ուշադրությունն են հրավիրել արհեստավարժ իրավագետ դառնալու համար պահանջվող հմտությունների ձևավորման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ հռետորաբանության զարգացման, դատավարության ընթացքում տակտիկական մարտավարության ճիշտ կառուցման վրա:
Դատախաղի ժյուրիի գերմանացի ներկայացուցիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայտնի փաստաբան և նոտար Էրիխ Յոսթերը հիացմունքով է մատնանշել ուսանողների գիտելիքների բարձր մակարդակը, փաստարկները ճիշտ ընտրելու և ներկայացնելու, հիմնավորելու կարողությունը, որի զարգացման համար, ըստ նրա, կարևոր է կրթական հաստատության ներդրումը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշել է, որ դատախաղ-մրցույթը ոչ միայն հիանալի հարթակ է ուսանողների գիտելիքների, հմտությունների ձևավորման, այլև հնարավոր գործատուների հետ նրանց անմիջական կապն ապահովելու համար:
«Ավելին՝ ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի անցկացվող դատախաղին փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար, ինչն էլ հնարավորություն կտա վերջիններիս դեռևս ուսանողական նստարանից ընտրելու իրենց ապագա կադրերին և աջակցելու նրանց ուսումնառության տարիներին»,- փաստել է Գագիկ Ղազինյանը:
Միջոցառման ավարտին դատախաղի կազմակերպիչներ, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներ Ամալյա Վուքերտը և Նելլի Թումասյանը, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը նշել են երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցության կայացման և այն խորացնելու պատրաստակամության մասին, ինչպես նաև հույս հայտնել հանդիպելու արդեն մեկ տարի անց 5-րդ անգամ անցկացվելիք դատախաղ-մրցույթի շրջանակում:
Պատրաստեց Քնար Միսակյանը