- Main
- Node
- ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ
October 09, 2019 | 16:07
Ուսանողական
ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի ղեկավար և հրամանատարական կազմի անդամների հանդիպումն ակումբին անդամագրված առաջինկուրսեցիների հետ:
Ակումբի քարտուղար Մարգարիտա Ղանդիլյանը ողջունեց ներկաներին և բարի գալուստ մաղթեց Մարտական պատրաստության ակումբ՝ հույս հայտնելով, որ իրենց համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան նախորդ տարիներին է եղել:
Մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը, նույնպես ողջունելով առաջինկուրսեցիներին և շնորհավորելով իրենց ակումբին անդամագրվելու կապակցությամբ, համառոտ ներկայացրեց վերջինիս ստեղծման պատմությունը, գործունեությունն ու նպատակները. «Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող ակումբը ստեղծվել է 2015 թ.: Հիմնադիրները երեք ուսանող ընկերներ էին, որոնք, համալսարանական կրթությունը կիսատ թողնելով, զինվորական ծառայության անցան Արցախի ՊԲ մարտական զորամասերից մեկում՝ 2014 թ. սահմանային իրադարձություններին մասնակցելով: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո նրանք վերադարձան ԵՊՀ՝ առաջարկելով ստեղծել Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբ, որն անհրաժեշտություն էր համալսարանի համար»:
Ակումբի նպատակը, ըստ Լ. Ղազարյանի, ուսանողներին զինվորական առօրյային ծանոթացնելն է, տեխնիկական որոշ հմտություններ սովորեցնելը, տարբեր զինատեսակներին ծանոթացնելը, կրակային գործնական դասընթացներ կազմակերպելը, ինչպես նաև թիմային ոգի ձևավորելը. «Ակումբը պետք է ծառայի նաև համալսարանականներին ռազմական գործի շուրջ համախմբելուն»:
Ներկաները տեսանյութ դիտեցին Մարտական պատրաստության ակումբի ամենակարևոր նախաձեռնություններից մեկի՝ Արցախի ՊԲ մարտական զորամասերից մեկը կատարած եռօրյա այցի մասին, որի ընթացքում ակումբի անդամները հնարավորություն են ունենում ոչ միայն հանդիպելու, քաջալերելու, զորակցելու մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին, այլև մի քանի օրով ապրելու զինվորական առօրյայով, ծանոթանալու բանակային կյանքի դժվարություններին:
Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահը նորեկներին ներկայացրեց իրենց ծրագրերն ու ամենամյա միջոցառումները՝ այցեր զորամասեր, համալսարանում հանդիպումներ տարբեր փորձագետների, տարածաշրջանային անվտանգության մասնագետների հետ, մշակութային, սպորտային տարբեր միջոցառումներ:
«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ակումբը ձեռնամուխ եղավ կամավորական ջոկատներ հավաքագրելու գործին, այն ունի նաև պատվավոր անդամներ, որոնք իրենց ակտիվությամբ աչքի են ընկել Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների ժամանակ, կազմակերպվում են հանդիպումներ նրանց, ինչպես նաև լեգենդար հրամանատարների, օրինակ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ»,- հավելեց Լիպարիտ Ղազարյանը:
Մարտական պատրաստության ակումբի ծրագրերի համակարգող Էլեն Բեգջանյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքներն ու առաջիկայում սպասվող ծրագրերը, որոնցից առանձնացրեց դպրոցներ և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան կատարվելիք այցերը, ռազմական փորձագետների դասախոսությունները և Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի համար նախատեսված սենյակի բացումը:
Մարտական պատրաստության ակումբի փոխնախագահ Համլետ Պողոսյանը ներկայացրեց 4 ջոկերի հրամանատարներին և նշեց, որ առաջին անգամ ակումբին անդամագրված ուսանողներն իրենք են ընտրելու հրամանատարներին, այլ ոչ թե հակառակը:
Ջոկերի հրամանատարները ողջույնի խոսքով դիմեցին նորեկներին, ինչից հետո վերջիններս քվեարկեցին իրենց նախընտրած հրամանատարի օգտին, ըստ այդմ էլ՝ ձևավորվեցին 4 ջոկատների կազմերը:
Հասմիկ Ասլանյան