- Main
- Node
- ՎԱԼԼԵՏԱՅՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՕՐԻՆԱԿՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ
October 17, 2019 | 15:07
ՎԱԼԼԵՏԱՅՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՕՐԻՆԱԿՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ
Մալթայի մայրաքաղաք Վալլետայում հոկտեմբերի 9-10-ը տեղի է ունեցել Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի և Մալթայի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանդուրժողականության միտումները բարձրագույն կրթության մեջ» խորագրով միջազգային համաժողով:
Համաժողովն անցկացվել է Մալթայի նախագահ Ջորջ Վելլայի հովանու ներքո, որն էլ հանդես է եկել բացման և ողջույնի խոսքով: Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Մալթայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալֆրեդ Վելլան ու Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի նախագահ Ահմեդ Բին Մոհամեդ Ալջարվանը:
Հայաստանից համաժողովին մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, որը հանդես է եկել «Հանդուրժողականությունը հայկական կրթական համակարգում. հաջողության պատմություն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի օրինակով» խորագրով զեկուցմամբ: Համաժողովին մասնակցել են գիտնականներ ԱՄՆ-ի, Լիբանանի, Եգիպտոսի, Մալթայի, Մեքսիկայի և այլ երկրների բուհերից:
Ռ. Մելքոնյանը ներկայացրել է հայկական արևելագիտական դպրոցի անցած ուղին, ձեռքբերումները և այն, որ Հայաստանում՝ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում, համակողմանի ուսումնասիրվում են իսլամադավան տարբեր ժողովուրդների լեզուներ, պատմություն, մշակույթ:
Հանդուրժողականությունը հայկական կրթական համակարգում լավագույնս դրսևորվում է Արևելագիտության ֆակուլտետում, և ուսումնական ծրագրերում ընդգրկված առարկաները հենց դրա առհավատչյան են:
Արևելագիտության ֆակուլտետի դեկանը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցելու գործընկեր բուհերի և կառույցների հետ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական աստիճաններում հանդուրժողականությանը միտված կրթական ծրագրերի համատեղ իրականացման հարցում:
Ելույթին հետևած հարցուպատասխանի ժամանակ Ռ. Մելքոնյանն անդրադարձել է նաև Թուրքիայում և Ադրբեջանում պետական մակարդակով ատելության դրսևորումներին՝ ուղղված հայերին, մշակութային եղեռնին և այդ ամենի դրսևորումներին թուրքական ու ադրբեջանական կրթական համակարգերում:
Համաժողովի ընթացքում նաև ստորագրվել է հուշագիր ԵՊՀ-ի ու Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի միջև: