- Main
- Node
- ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
October 18, 2019 | 16:00
Հասարակություն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:
Էկոլոգիական իրավունքին վերաբերող դասախոսությունը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Գ. Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Զինա Խաչատրյանը ողջունեց նմանօրինակ նախաձեռնությունները՝ կարևորելով դասախոսության թեման իրավաբանական հոսքում սովորող աշակերտների համար:
«Ուրախ եմ աշակերտական լսարանում գտնվելու համար, ու թեպետ արդեն տասը տարի է՝ համալսարանական լսարանում եմ դասավանդում, այնուամենայնիվ չեմ մոռացել դպրոցը և այն, որ ես նույնպես աշակերտ եմ եղել»,- աշակերտներին ողջունելով՝ ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ կյանքի այս փուլը շատ կարևոր է, քանի որ նրանք մասնագիտության ընտրության առջև են կանգնած:
Օլիմպիա Գեղամյանը նախ լսարանին ներկայացրեց մեր երկրի օրենսդրական կառուցվածքը, որի ամենակարևոր բաղադրիչը Սահմանադրությունն է. «Էկոլոգիական իրավունքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում զարգացող գիտություն է, իրավունքի ճյուղ, որի վերաբերյալ հսկայական օրենսդրություն կա: ՀՀ-ում շրջակա բնական միջավայրը համարվում է շատ կարևոր ինստիտուտ, և Սահմանադրությամբ սահմանված է, որ այն պետք է պաշտպանվի բոլորիս կողմից հանուն ներկա և ապագա սերունդների»:
Բանախոսը մանրամասն խոսեց շրջակա բնական միջավայրի բաղադրիչների՝ հողի, մթնոլորտային օդի, ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի մասին և ընդգծեց դրանցից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը հասարակության և առհասարակ մարդու կյանքում:
Մարդն իր առաջացման օրվանից առնչվում ու փոխհարաբերակցվում է բնության հետ՝ այս կամ այն կերպ օգտագործելով բնությունն իր կարիքները հոգալու և կենսագործունեությունն ապահովելու համար և որոշակիորեն ազդելով բնության վրա: Սակայն մարդկության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ մարդու գործունեության ազդեցությունը բնության վրա սկսեց աստիճանաբար բացասական բնույթ կրել, նա փոխեց նաև վերաբերմունքը բնության նկատմամբ՝ օգտագործելով այն անգրագետ ու առանց նորմերը պահպանելու, փորձելով ենթարկել իրեն:
«Բնության նկատմամբ վերաբերմունքը բնությունը վերադարձնում է մեզ տարբեր ձևերով: Այսօր հիվանդություններն ավելի շատ ու բազմազան են, քան նախկինում, ինչը նույնպես բնության վրա մարդու գործունեության բացասական ազդեցության հետևանք է: Աշխարհում երկրներ կան, որոնք համարվում են մեռնող, քանի որ այդտեղ ամեն երկրորդ երեխան ծնվում է մտավոր և ֆիզիկական լուրջ հիվանդություններով»,- ասաց ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբանը:
Բնությունը թեպետ ինքնավերականգնման հատկություն ունի, սակայն այն վերականգնելու և հասցված վնասները վերացնելու համար շատ ջանքեր են հարկավոր, և մարդը նույնպես պետք է դրան նպաստի իր գործունեությամբ. «Այսօր աշխարհում երկրներ կան, որոնք վերամշակում և օգտագործում են թափոնները, անտառահատումները նվազեցնելու համար կարելի է որպես բնափայտ օգտագործել հիվանդ ծառերը, այլ ոչ թե կտրել առողջները և այլն: Որպես վիճակագրություն՝ կարող եմ նշել, որ երբ առաջին անգամ փորձեցին հաշվել, թե ինչքան անտառ կա ամբողջ աշխարհում, պարզվեց, որ 5 մլրդ հեկտարից ավելի անտառ կա, սակայն մարդու գործունեության հետևանքով այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 3.5 մլրդ-ի»:
Եվ ահա այս ամենի արդյունքում 21-րդ դարում մարդը, որը համարվում է կրկնակի բանական էակ, կանգնեց փաստի առջև. ամբողջ աշխարհում ներկայումս տիրում է համընդհանուր էկոլոգիական ճգնաժամ, որը հաղթահարելու և բնությունը պահպանելու ու վերականգնելու համար տարբեր երկրներ պետք է համախմբվեն:
«Շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական վերաբերմունքի կանխարգելման ու թողած ազդեցությունները վերացնելու համար մեկ լուծում կա. մեր երկիրը պետք է ունենա դրա վերաբերյալ օրենսդրություն, որին պետք է համապատասխանեցնենք մեր վարքագիծը»,- դասախոսությունը եզրափակեց Օլիմպիա Գեղամյանը:
Հասմիկ Ասլանյան