Երևանի պետական համալսարան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Մաիրա Միրոյանին և հանդիպեց Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանում հունարեն սովորող ուսանողների հետ:
Հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսը:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջույնի խոսքում ընդգծելով ԵՊՀ-ում Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի դերը, նշեց, որ ԵՊՀ-ում ջանքեր են ներդրվում հունագիտության զարգացման ուղղությամբ։
«Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը համալսարանում ապահովում է ոչ միայն հունարենի ուսուցումը, այլ նաև ծանոթացում երկրին: Իսկ սա շատ կարևոր է մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- ասաց Մ․ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանդիպումը բացառիկ հնարավորություն է ուսանողների համար՝ հունարենով հաղորդակցվելու տեսանկյունից:
Կարևորելով գործակցային կապերի հաստատումն ու ամրապնդումը, ինչպես նաև երկու երկրների միջև շփումը՝ Մաիրա Միրոյանին ընդգծեց. «Մեզ համար ուրախալի է հանդիպել ԵՊՀ ուսանողների հետ և տեսնել, որ նրանք հունարեն են սովորում, ինչը շատ կարևորում ենք: Այս հանդիպումը գործնականում ցույց տվեց, որ ուսանողները հետաքրքրված են մեր մշակույթով և մեր լեզվով: Մենք ունենք մշակութային ընդհանրություններ, արժեքներ, որոնք էլ նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»:
ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, կարևորելով հանդիպման անցկացումը, շեշտեց ԵՊՀ-ի և հունական համալսարանների միջև գործակցային հարաբերությունների դերն ու նշանակությունը:
Հանդիպման ժամանակ ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն Լիզա Քարիմյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, հունարենի դասավանդման մեթոդների, ինչպես նաև իրականացվող այլ ծրագրերի մասին տեղեկություններ:
Ընդգծելով ԵՊՀ-ում օտար լեզուների դասավանդման կարևորությունը՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ համալսարանում դասավանդվում է մոտ 20 լեզու:
«ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում դասավանդվում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, Արևելագիտության ֆակուլտետում՝ թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքմեներեն, ղազախերեն, եբրայերեն, իսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ կորեերեն և ճապոներեն»,- նշեց Ա. Մարգարովը։
Անդրադառնալով հույն գործընկերների հետ համագործակցությանը՝ նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ գործակցում է դեռ 2000 թվականից, և այդ ընթացքում իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Հունաստանի արտաքին գործերի նախարարության հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղարին։
Գիտակրթական ոլորտում համագործակցություններն ամրապնդելու նպատակով կողմերն առաջիկայում կքննարկեն համատեղ նոր ծրագրերի իրագործման հնարավորությունները: