Նպատակ ունենալով զարգացնելու կրթության որակը՝ ՏՏԿՀ կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետների, օտարերկրյա պրոֆեսորների հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և համատեղ գիտահետազոտական աշխատանքներ: Շարունակելով ավանդույթը՝ ՏՏԿՀ կենտրոնը 2023 թ. աշնանը պատրաստվում է հյուրընկալել Պորտոյի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Պեդրո Դինիզին: Պրոֆեսորի հետազոտությունները հիմնականում զուգահեռ համակարգերի համար մշակված կոմպիլյատորների, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսումնասիրման ուղղություններով են։
Այցի երեք հիմնական նպատակներն են․
- Վիրտուալ և հիբրիդային ուսուցման մեջ կրթական նոր մեթոդների կիրառման համալսարանների փորձի փոխանակումը: Նախատեսվում է իրականացնել պրոֆեսորի՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում IPODIA հեռավար ուսուցման փորձի (https://ipodia.usc.edu) և ՏՏԿՀ կենտրոնի՝ եվրոպական (Գերմանիայում Ռոստոկի համալսարան և եվրոպական այլ համալսարաններ) և իսրայելական համալսարանների հետ համագործակցության փորձի փոխանակում՝ դասավանդման առկա հնարավոր ուղիները բարելավելու նպատակով:
- Համատեղ կրթական ծրագրերի մշակում,
- Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառում համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման հնարավորության քննարկում՝ եվրոպական դրամաշնորհներին դիմելու նախագծի մշակման համար:
Այցը կազմակերպվել է Պ. Դինիզի առաջարկով: Հայաստանը և ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնը մեծ հետաքրքրություն են ներկայացնում պորտուգալացի պրոֆեսորի համար, քանի որ, ըստ նրա, Հայաստանը արևելքի «սիլիկոնային հովիտն» է, իսկ ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնը առաջատար գիտահետազոտական կենտրոն է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի ոլորտում՝ հեռավար ուսուցման, գիտական հետազոտությունների և հետբուհական կարիերայի զարգացման մեջ։