Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների մագիստրոսական թեզի պաշտպանության գործընթացը: Ուսանողները ներկայացրին իրենց կատարած հետազոտական, վերլուծական աշխատանքների արդյունքները՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։
Ուսանողների աշխատանքները քննում էր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը, որի նախագահն էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական դեպարտամենտի տնօրեն, տեխն. գ․դ․, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը։
Պաշտպանության ավարտին իր տպավորություններն արտահայտեց «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ավագ, ՏՏԿՀ կենտրոնի ՈՒԽ նախագահ Գնել Սահակյանը․ «Գիտական ղեկավարի տրամադրած աջակցությունն ապահովեց, որ լավ պատրաստված լինեմ իմ հետազոտությունը ներկայացնելու համար: Պաշտպանությունն անցկացվեց բարձր մակարդակով՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ դրսևորելու մեր գիտելիքներն ու կատարած աշխատանքի արդյունքները»։
Նշենք, որ Գնելը ստացել է գերազանց գնահատական և ապահովել գերազանցության դիպլոմ:
«Երևանի պետական համալսարանն ինձ տրամադրել է այն գիտելիքներն ու վստահությունը, որոնք անհրաժեշտ են ապագա կարիերայիս մեջ հաջողելու համար։ Շնորհակալ եմ այստեղ ունեցած հնարավորությունների և փորձառությունների համար և բարձր եմ գնահատում կրթական ծրագիրը պոտենցիալ ուսանողների համար»,- ընդգծեց Գնելը:
Ուսանողների կատարած փայլուն հետազոտական, վերլուծական աշխատանքները հնարավորություն են մասնագիտական գիտելիքները խորացնելու, ինչպես նաև հաջողակ կարիերայի սկիզբը դառնալու։