ԵՊՀ տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մանուկ Մանուկյանի հեղինակած «Conceptual Data Model: Concept, Formal Bases, and Implementation Issues» խորագրով հոդվածը տպագրվել է միջազգային հեղինակավոր «Springer» հրատարակչության «Communications in Computer and Information Science» (CCIS, volume 2086) պարբերականում:
Պարբերականում ամփոփվել են «Տվյալների անալիտիկա և ղեկավարում տվյալների ինտենսիվ տիրույթներում» («Data Analytics and Management in Data Intensive Domains» (DAMDID/RCDL 2023)) խորագրով 25-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակում ներկայացված զեկուցումների հիման վրա տպագրված գիտական հոդվածները։ Այս պարբերականում տպագրված 21 հոդվածներն ընտրվել են կոնֆերանսի նյութերի ժողովածուում ընդգրկված 75 հոդվածներից:
Պարբերականում ընդգրկված հոդվածները խմբավորված են հետևյալ թեմատիկ ենթաբաժիններում՝ «Տվյալների մոդելներ և գիտելիքների գրաֆներ», «Տվյալների ինտենսիվ տիրույթներում կիրառվող տվյալների բազաներ», «Մեքենայական ուսուցման մեթոդներ և կիրառություններ», «Տվյալների վերլուծություն աստղագիտության բնագավառում», «Տեքստից ինֆորմացիայի արտահանում»։
Մ. Մանուկյանի հեղինակած «Conceptual Data Model: Concept, Formal Bases, and Implementation Issues» խորագրով հոդվածը ներկայացված է «Տվյալների մոդելներ և գիտելիքների գրաֆներ» թեմատիկ բաժնում: Սույն հոդվածի հետազոտության առարկան են կոնցեպտուալ տվյալների մոդելի իրականացման խնդիրները: Գիտական աշխատանքում ներկայացվել է առաջարկ՝ կիրառել դիտարկվող կոնցեպտուալ տվյալների մոդելի իրականացման մեկ մոտեցում: Համաձայն այդ մոտեցման` ֆորմալիզացվել են վարքագծային և տվյալների սահմանման սիմվոլները «OPENMath» ֆորմալիզմի «բովանդակային բառարանների» միջոցով: Դիտարկվող կոնցեպտուալ տվյալների մոդելի կարևոր առանձնահատկություններից է նրա՝ ընդլայնվող լինելու հատկությունը, որն այն ժառանգել է «OPENMath»-ից: Ընդլայնումը ենթադրում է կոնցեպտուալ տվյալների մոդելում նոր սիմվոլների սահմանում: Այսպիսով, կոնցեպտուալ տվյալների մոդելի ընդլայնումը բերում է նոր բովանդակային բառարանների կառուցմանը:
Նշենք, որ Մանուկ Մանուկյանը հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների, որոնք վերաբերում են ռելացիոն տվյալների բազաների տեսությանը, տվյալների բազաների համակարգերին, կոնցեպտուալ տվյալների մոդելներին, մեծ տվյալներին, տվյալագիտությանը։ ԵՊՀ դոցենտը նաև զեկուցումներ է ներկայացրել միջազգային հեղինակավոր կոնֆերանսներում։ Նա 2006 թվականից Եվրոպական ամենամյա կոնֆերանսի («European Conference on Advances Databases and Information Systems») ղեկավար մարմնի անդամ է և բազմիցս ընտրվել է այդ կոնֆերանսի ծրագրային կոմիտեի անդամ: