2024 թվականի ավարտին ընդառաջ՝ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնն ամփոփեց կատարած աշխատանքները՝ ներկայացնելով տարեկան հաշվետվություն:
Կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը և գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը ս.թ. դեկտեմբերի 11-ին ներկայացրին տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով կենտրոնի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին: Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, աշխատակիցները:
Ս. Շուքուրյանը, կարևորելով գիտության դերն ու նշանակությունը, որպես ձեռքբերում ընդգծեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը, մասնավորապես ԱՄՆ երկու արտոնագրերը և տպագրված 14 հոդվածները, որոնք զեկուցվել են հեղինակավոր գիտաժողովներում:
Կենտրոնի գործադիր տնօրեն Ա. Ավագյանը խոսեց տարվա ընթացքում ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացված և տակավին իրականացվող աշխատանքների մասին: Զեկուցողը մատնանշեց նաև, որ առաջիկայում սպասվում է տեխնիկայով գերհագեցած երեք լսարանների գործարկում:
Խոսվեց ուսանողների թվաքանակի ավելացման, ինչպես նաև կրկնակի դիպլոմավորման, օտարերկրյա ուսանողների ներգրավման անհարժեշտության մասին:
Ամփոփվեցին կենտրոնի համահամալսարանական գործունեություն իրականացնող տեղեկատվական համակարգերի, կրթական նոր տեխնոլոգիաների, ուսումնական գործընթացի ապահովման բաժինների գործունեության արդյունքները:
Շնորհանդեսի ավարտին ելույթով հանդես եկավ նաև պրոռեկտոր Է. Ասրիյանը, ով իր խոսքում հատկապես կարևորեց կենտրոնի գիտական գործունեությունը: