ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ) ամփոփվեց մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող (30 կրեդիտի միջոցով) մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման եռամսյա դասընթացը։ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՄԿԶԿ տնօրեն Նազիկ Հարությունյանը դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանդիսավորությամբ շնորհեցին հավաստագրեր (երկլեզու տարբերակով)։
ՄԿԶԿ տնօրեն Ն. Հարությունյանը, շնորհավորելով վերապատրաստման դասընթացի առաջին փուլի շրջանավարտներին, հույս հայտնեց, որ նրանք իրենց ներդրումը կունենան հանրապետության հանրակրթական դպրոցի զարգացման գործում։
Պրոռեկտոր Է․ Ասրիյանը, կարևորելով վերապատրաստման դասընթացի նշանակությունը, ընդգծեց մանկավարժի դերն ու առաքելությունը, ուսուցչի կերպարում մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների ամբողջական նկարագիրը։
Երախտագիտության խոսքով հանդես եկան դասընթացի շրջանավարտները՝ շեշտելով ՄԿԶԿ պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը։ Մասնակիցներից Տաթևիկ Դավթյանը նշեց, որ դասընթացն արդյունավետ էր և ցանկություն հայտնեց առավել երկարատև դարձնելու այն։