ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Որակյալ կրթական ծրագրեր և ուսուցիչ-առաջնորդներ ունենալը ռազմավարական նշանակություն ունի պետության համար. տասնյակ տարիներ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն իրագործում է ռազմավարական նշանակության իր առաքելությունը։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառման իր շնորհավորական խոսքում հույս հայտնեց, որ շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան կրթության ոլորտում, հատկապես հանրակրթական դպրոցների զարգացման գործում, և որ նրանց նվիրական գործը «կվարակի» հազարավոր երիտասարդների։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, շնորհավորելով շրջանավարտներին՝ արդեն որակավորված ուսուցիչ-առաջնորդներին, ընդգծեց, որ կրթության ոլորտում առկա իրավիճակը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կրթական ծրագրերին տվեց ռազմավարական դեր և նշանակություն։
Հավասար կրթության հնարավորություն Հայաստանում՝ բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից. հենց այս մոտեցմամբ ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը համատեղ ստեղծեցին «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համատեղ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս շատերին Հայաստանում լուրջ փոփոխությունների մասը կազմելու։ Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մարզերում աշխատանքը դարձնելու գրավիչ, լուծելու մարզերի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքների խնդիրը։ Այս ծրագիրն ի վերջո պայքարում է կրթության հավասարության հնարավորության համար, որ ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր երեխա իրացնի հավասար կրթության իրավունքը։
«Եթե համայնքներում չլինեն ուսուցիչներ, հնարավոր չէ ապահովել հավասար կրթություն։ Թյուր է այն կարծիքը, թե նորարարությունը ինքն իրենով պետք է լինի, հակառակը՝ նորարարությունը և հարյուրամյա փորձը, որ ունի ԵՊՀ-ն, տեսությունը և աշխատանքային փորձառությունը, մասնավորը և պետականը ոչ թե պետք է հակադրվեն, այլ համադրվեն, և այս ծրագիրն այդ առումով շատ օրինակելի է»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը։
«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Ներսես Խառատյանը, որը դասավանդում է ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գյուղում, կարևորում է համայնքում ապրող ու աշխատող մասնագետների համար մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը, որի հնարավորությունը ստեղծել են ԵՊՀ-ն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համատեղ։
«Ծրագիրը հնարավորություն տվեց ձեռք բերելու ակադեմիական գիտելիքներ, համակարգային մտածողություն, այդ գիտելիքներն ու մտածողությունը համադրելու փորձի հետ առավել արժևորելու ուսուցիչ-առաջնորդ լինելու առաքելությունը»,- նշեց նա։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ընդգծեց․ «Երբ հետադարձ հայացք եմ նետում մեր առաջին՝ «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի անցած 27 տարվա ճանապարհին, ակնհայտ է դառնում այդ ծրագրի հաստատակամ զարգացումը։ Այս ծրագրով մենք վարչական կադրեր ենք պատրաստում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար։ Նախատեսվում է կրթական ծրագիրն իրականացնել նաև հեռավար ձևաչափով, ինչպես նաև անգլերենով՝ արտասահմանցի ուսանողների համար»։
«Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագիրը կյանքի է կոչում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համակարգը՝ սովորել աշխատելով սկզբունքը, որն ընդունված է ամբողջ աշխարհում։
Հատկանշական է, որ գերազանցության դիպլոմ ստացող շրջանավարտների թիվն ամեն տարի ավելանում է. սա հերթական ցուցիչն ու ապացույցն է, որ բարելավվում է կրթության որակը։