ԵՊՀ պատմության ֆակուլտետում ի.գ.թ., պրոֆեսոր Արման Թաթոյանը ներկայացրեց «Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը՝ ընդդեմ հայկական ինքնության» խորագրով դասախոսություն, որին ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Ա. Թաթոյանը նշեց, որ խմբով պարբերաբար այցելում են սահմանային բնակավայրեր, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, և արձանագրում մարդու իրավունքների խախտման բոլոր հնարավոր դեպքերը, որոնք կարևոր են սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) գործընթացներում։
«Գոյություն ունեն դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային կանոններ, որոնց համաձայն պետք է հաշվի առնել ոչ միայն տեղագրական քարտեզները, այլ նաև կադաստրային, անտառային, գեոդեզիական և այլ քարտեզներ, ինչպես նաև մարդկանց ավանդույթները։ Միջազգային չափանիշն այն է, որ գործընթացների արդյունքում չպետք է խաթարվի մարդկանց բնականոն կյանքը»,- շեշտեց բանախոսը։
Խոսելով ադրբեջանական թշնամական քաղաքականության մասին՝ Ա. Թաթոյանն ընդգծեց. «Ադրբեջանը խաղաղությունը դարձրել է շղարշ արտաքին աշխարհի համար, բայց իրականում զարգացնում է թշնամանքի, ատելության քաղաքականություն։ Միայն Ապրիլյան պատերազմին վերաբերող 600 խոշտանգման լուսանկար և տեսանյութ ունենք։ Ըստ այդ տեսանյութերի թարգմանությունների՝ ադրբեջանցի զինվորները ոգեշնչված էին Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններով։ Նրանք բաց դեմքերով էին՝ չվախենալով պատասխանատվությունից, իսկ նպատակն էր լայնորեն ահ ու սարսափ տարածել հայ հասարակության շրջանում»։
Անդրադառնալով հայկական ինքնության դեմ ադրբեջանական թշնամական քաղաքականությանն ու դրա դեմ պայքարելու մեխանիզմներին և գործիքակազմին՝ Ա. Թաթոյանն ասաց. «Պետք է շարունակաբար արձանագրել և վեր հանել հայատյացության դեպքերը, ինչը, սակայն, ինքնանպատակ չպետք է լինի։ Այն պետք է դառնա պետական քաղաքականության միասնական շղթայի մաս»։
Նշենք, որ հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսին: