Ս․թ․ ապրիլի 3-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Համայնքային սոցիալական աշխատանք» ուսումնական հատուկ դասընթացի հերթական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ողջունելով ներկաներին և դասընթացի մասնակիցներին, նշեց, որ սոցիալական աշխատողների դերը շատ կարևոր է մեր երկրի առջև ծառացած սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում, հատկապես երբ սոցիալական աշխատողները գործառում են համայնքում՝ ապահովելով համայնքի բնակիչներին անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը կարևորեց դասընթացի շարունակական բնույթը, ինչը վկայում է գործընկերների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մասին: Ա․ Մկրտիչյանը շեշտադրեց նաև գործընկեր կառույցների դերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար մասնագիտական պրակտիկայի վայր լինելու, ինչպես նաև կարևոր գործատու լինելու գործում:
Դասընթացի իրականացմանն աջակցող ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավարման փորձագետ Անի Մանուկյանը կարևորեց Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը և նշեց, որ ծրագրի մեկնարկին՝ 2018 թ․, համայնքներում շատ քիչ սոցիալական աշխատողներ կային, իսկ այժմ ոչ միայն ավելացել է նրանց թիվը, այլև վերապատրաստումների միջոցով ապահովվել է վերջիններիս մասնագիտական կարողությունների աճը:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի համակարգող Աիդա Մուրադյանը ևս կարևորեց տեղական ինքնակառավարման համակարգում գործող սոցիալական աշխատողների մասնագիտացման գործընթացը՝ նշելով, որ հենց վերջիններիս միջոցով է հնարավոր լինում աջակցել համայնքներին բնակիչների սոցիալական տարաբնույթ հիմնախնդիրների հաղթահարման գործում:
ԱՄՆ պետդեպարտամենտի «Միասին՝ ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի համակարգող Տիգրան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի հետ համատեղ մշակվել է «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ» էլեկտրոնային ինտերակտիվ դասընթացը, որն այժմ տեղադրված է ԵՊՀ էլեկտրոնային ուսուցման կառավարման համակարգում, հասանելի է ինչպես «Համայնքային սոցիալական աշխատանք» դասընթացի մասնակիցների, այնպես էլ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար:
Այնուհետև դասընթացը համակարգող Եվգինե Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի կառուցվածքը, կազմակերպման և իրականացման նկարագիրը և ժամանակացույցը:
Ամփոփելով միջոցառումը՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը կարևորեց այն հանգամանքը, որ դասընթացի մասնակիցների ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով դասընթացի շրջանակում մշակվել և տպագրվել են ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև էլեկտրոնային ինտերակտիվ ուսուցման նյութեր:
«Համայնքային սոցիալական աշխատանք» ուսումնական հատուկ դասընթացն իրականացվում է Երևանի պետական համալսարանի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Դասընթացը 11-ամսյա է, նախատեսված է համայնքներում գործող կամ աշխատել պատրաստվող մասնագետների համար:
2018 թվականից սկսած՝ դասընթացն ունեցել է 80-ից ավելի մասնակից։