Տարիներ շարունակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, շնորհիվ ֆակուլտետի բարձր որակավորում և մասնագիտական հմտությունների նրբությունների տիրապետող պրոֆեսորադասախոսական կազմի, օժտել է ուսանողներին տեսական պատշաճ գիտելիքներով։
2000-ական թվականներից հետո ֆակուլտետն իր առջև դրեց նոր նպատակ տեսական գիտելիքների հիման վրա պատրաստել մասնագետներ, ովքեր կունենան նաև գործնական հմտությունների բազմաթիվ փորձառություններ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվեցին իրավաբանական կլինիկան, ուսումնական դատական նիստերի դահլիճում սկսվեցին տարվել գործական աշխատանքներ, օրինակ՝ անց են կացվում ԱԺ նիստեր, Սահմանադրական դատարանի նիստեր, դատավարություններ, դատախաղեր և այլն, որտեղ բոլոր դերակատարները ուսանողներն են (դատավոր, դատախազ, մեղադրյալ, իրավապաշտպան և այլն)։ Այս ամենը միտված էր իրական օրինակներով զարգացնելու ուսանողների գործնական հմտությունները։
2023 թվականի մայիսի 18-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսումնական դատական նիստերի դահլիճում Քրեական դատավարության և կրմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսումնական դատախաղ բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Ուսումնական դատական նիստը վերաբերում էր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությանը: Դատախաղն անցկացվում էր նոր ձևաչափով, քանի որ դատավարության երկու կողմերում ուսանողների հետ միասին դատախաղին մասնկացում էին Երևան քաղաքի դատախազության դատախազ Արթուր Դանիելյանը և փաստաբան Լուսինե Հովհաննիսյանը: Նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ. Արման Հովհաննիսյանը:
Ուսումնական դատական նիստի ընթացքում քննիչի և դատախազի պաշտոններում հանդես եկող ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց փաստարկները միջնորդվող խափանման միջոցի իրավաչության և անհրաժեշտության վերաբերյալ՝ ներկայացնելով նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դիրքորոշումները, գործնական մոտեցումները: Մեղադրյալի և պաշտպանների դատավարական կարգավիճակում դատական նիստին մասնակցող ուսանողները գործող փաստաբանի հետ միասին բարձրացված հարցադրումներով և ներկայացված իրավական դիրքորշումներով ակտիվորեն հերքում էին ներկայացված միջնորդության իրավաչափությունը: Շնորհիվ դատական նիստին մասնակցող պրոֆեսիոնալ իրավաբանների՝ ի դեմս փաստաբան Լուսինե Հովհաննիսյանի, դատախազ Արթուր Դանիելյանի և դատավոր Արման Հովհաննիսյանը այս գործընթացն անցկացվում էր քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ՝ հնարավորություն տալով դատական նիստերի դահլիճում գտնվող մյուս ուսանողներին ականատես լինել քրեական դատավարություն առարկայի շրջանակում դասախոսությունների և գործնական/սեմինար պարապմունքների ժամանակ օրենսդրական լուծումների վերաբերյալ ստացած գիտելիքների գործնական կիրառությանը:
Որոշումը հրապարակելուց հետո դատավոր Արման Հովհաննիսյանը ուսանողների համար մանրամասն պարզաբանեց իր դիրքորոշումը դատական նիստի ժամանակ բարձրացված և քննարկված հարցերի վրա, ներկայացրեց իր նկատառումները կողմերի յուրաքանչյուրի ելույթի վերաբերյալ՝ գործնական խորհուրդներ տալով ուսանողներին: