Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և իրավագիտության ֆակուլտետների համագործակցության շրջանակում և գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստորսական ծրագրի առաջին շրջանավարտները մուտք են գործում մեդիաոլորտ՝ նոր գիտելիքներով և մտածողությամբ:
Ծրագրի համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի. գ. դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը նշեց, որ ֆակուլտետն իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ մագիստրոսական ծրագրեր, բայց այս ծրագիրն իր ձևաչափով արտասովոր էր. ի տարբերություն մյուս կրթական ծրագրերի՝ այս մագիստրոսական ծրագրով շնորհվել է որակավորում մեկ այլ մասնագիտության հետ համատեղ:
Նրա խոսքով՝ ծրագրի հիմքում հետազոտական գիտելիքների և կարողությունների զարգացման մեխանիզմներն են: Գագիկ Ղազինյանը նշեց նաև, որ պրակտիկայում միշտ էլ առաջին տարին համարվում է պիլոտային կամ փորձնական, և հենց շահառու ուսանողները կփաստեն ծրագրի արդյունավետության մասին:
Գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շտեֆան Մալերիուսը բարձր գնահատեց երկու ֆակուլտետների համատեղ աշխատանքը իրավունքի և մամուլի ոլորտում։ Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը մագիստրոսական ծրագիր է ներդնում Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում: Սա նաև երկու ֆակուլտետների համագործակցության շրջանակում իրականացվող առաջին մագիստրոսական ծրագիր է: Մալերիուսն ընդգծեց, որ հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համատեղ ունեն ընդլայնված համագործակցություն վերջին տարիներին կարևորվող հասարակագիտական առարկաների շրջանակում:
««Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը դեմոկրատիայի և քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև ընդհանուր իրավական պետության կազմավորման գործում բաց է համագործակցության համար և ունի պրոֆիլային գործակցություն», - ասաց Շտեֆան Մալերիուսը:
Մեկ տարի ուսումնառելով՝ ուսանողները սովորել են մեդիա և իրավական ոլորտի նրբություններն ու ստացել ոլորտային մասնագետի՝ իրավագիտության ոլորտի ուսումնասիրողի որակավորում։ ՀՀ Կառավարությունը «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շահառուների համար հատկացրել է 2 անվճար տեղ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ. գ. դ. Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ երկու ֆակուլտետների միջև ստեղծված համատեղ մագիստրոսական ծրագրի կյանքի կոչման գործում մեծ դեր է ունեցել գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Նա շնորհակալություն հայտնեց հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում ունենալու համար:
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ի. գ. թ. Տաթևիկ Դավթյանի խոսքով՝ յուրաքանչյուր ծրագիր ունի իր մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել և ընդառաջ գնալ ծրագրի հաջող իրականացմանը: Նա շեշտեց, որ չնայած մագիստրոսական այս ծրագիրն առաջին տարին է գործում, բայց մասնագիտական թեզերի պաշտպանության արդյունքները վկայում են ծրագրի հաջողելու մասին: Ծրագրի ավարտին շրջանավարտներն ավարտական աշխատանքից 20 բալանոց համակարգով 16-20 միավոր են ստացել:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ծրագրի երեք ուսանողներ, որոնք իրենց ավարտական թեզերի ներկայացմամբ փաստեցին «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի կայացումը։
ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը նշեց, որը, լինելով գործող լրագրող և միաժամանակ ուսանող՝ հնարավորություն է ունեցել իր համար շատ պատասխանատու և հետաքրքիր մեկ տարի սովորել համալսարանում: