ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, վերսկսելով դպրոցականների այցելությունների կազմակերպումը ԵՊՀ, նրանց առաջարկում է ճանաչողական և մասնագիտական այցեր համալսարանի տարբեր ֆակուլտետներ, կենտրոններ, ինստիտուտներ և լաբորատորիաներ։ ԵՊՀ որևէ ֆակուլտետ կամ լաբորատորիա այցելելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում։
Նման հայտադիմում էին լրացրել և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գործունեությանը ծանոթանալու ցանկություն հայտնել Երևանի 4 ավագ դպրոցներ՝
- «Թաթուլ Կրպեյանի անվան № 62 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
- «Համբարձում Գալստյանի անվան № 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
- «Կարեն Դեմիրճյանի անվան № 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
- «Մուշեղ Գալշոյանի անվան № 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը։
Հայտադիմումները ստանալուց հետո ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցները հոկտեմբերի 20-ին կազմակերպել էին վերոնշյալ դպրոցների 10-11-րդ դասարանի աշակերտների այցելությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։
Այցելության ժամանակ աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու Իրավագիտության ֆակուլտետի կրթության կազմակերպման գործընթացներին, Իրավաբանական կլինիկայի կողմից ուսանողների գործնական հմտությունների զարգացման համար ստեղծված հնարավորություններին, մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարանին, համակարգչային կենտրոնին և այլն։
Իրավաբանական կլինիկայում աշակերտների հատուկ ուշադրությանը ներկայացվեցին անչափահասների արդարադատությանը վերաբերող հիմնախնդիրները, մասնագիտական ակնարկ կատարվեց գործնականում հաճախ հանդիպող տարբեր իրավիճակներում ի հայտ եկող խնդիրներին՝ դրանցից խուսափելու և պաշտպանված լինելու համար։
Այնուհետև ֆակուլտետի Դատական նիստերի դահլիճում աշակերտներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին ողջունեց ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։
Քանի որ աշակերտները սովորում են ավագ դպրոցների պատմաիրավագիտական հոսքերում, Գ․ Ղազինյանը վերջիններիս ներկայացրեց կրթական ծրագրերը, որոնք դասավանդվում են ֆակուլտետում՝ աշակերտների ապագա մասնագիտության կողմնորոշման համար։
Ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպում-դասախոսություն անցկացրեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում սահմանադրական իրավունքի մարդու հիմնարար իրավունքների խնդիրները և այլն։
Ա. Մանասյանն աշակերտների հետ խոսեց և ներկայացրեց ՀՀ քաղաքացու իրավունքների և պարտականությունների, իրենց՝ որպես ապագա չափահաս անհատականությունների իրավունքների մասին։ Խոսվեց նաև անչափահասների պաշտպանվածության և հանցավորության մասին։ Ներկայացվեց ՀՀ-ում առկա անչափահասների արդարադատության ոլորտի վիճակը։ Աշակերտները ծանոթացան նաև ոլորտում կատարվող բարեփոխումներին։
Աշակերտները շատ ակտիվ հարցադրումներ էին կատարում իրավունքի ոլորտից և ստանում սպառիչ պատասխաններ մասնագետներից։
Դե իսկ ուսանողական կյանքի ակտիվության և հագեցվածության մասին նրանց հարցերին պատասխանում էին ֆակուլտետի ՈՒԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչները։
Երևանի պետական համալսարանը մշտապես կարևորում է դպրոց-համալսարան փոխհարաբերությունները, իսկ Իրավագիտության ֆակուլտետը սիրով սպասում է իր ապագա ուսանողներին։