Հոկտեմբերի 26-ից 30-ը Լեհաստանի Հանրապետության առաջատար բուհի՝ Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավունքի դպրոցի հրավերով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արսեն Թավադյանը հանդես է եկել դասախոսությունների շարքով:
Ընդհանուր երեք դասախոսությունների ընթացքում ներկայացվել է Հայաստանի և հետխորհրդային երկրների հանրային և մասնավոր իրավունքի զարգացումը, տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, տնտեսական հարաբերությունների կարգավորումը, սոցիալական քաղաքականությունը:
Դասախոսությունների ժամանակ թեմաները ներկայացվել են ժամանակակից հասարակագիտական մեթոդների օգտագործմամբ՝ հանրային ընտրանքի տեսություն, իրավունքի տնտեսական վերլուծություն և այլն:
Հրավիրող բուհի խնդրանքով Արսեն Թավադյանը նաև բաց դասախոսություն է կարդացել Արցախի հիմնախնդրի իրավական բաղադրիչների վերաբերյալ, որին ներկա են եղել Վարշավայի համալսարանի դասախոսներ, ուսանողներ, այլ հետաքրքրված անձինք: Միջոցառման ընթացքում բանախոսը ներկայացրել է Արցախի հայ բնակչության պահանջների իրավական հիմքերը, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերի խախտումների վերաբերյալ փաստերը:
Դոցենտ Ա․ Թավադյանի այցելությունները շարունակական են: Մասնավորապես, վերջին տարիների ընթացքում նա հանդես է եկել դասախոսություններով Լեհաստանի Բելաստոկի (2019թ.) համալսարանում, Չեխիայի Մասարիկ hամալսարանում (2021թ.), Պորտուգալիայի Պորտու քաղաքի Եվրոպական բիզնես դպրոցում (2022թ.), Լեհաստանի Կրակովի Յագելոնյան (2023թ.) համալսարանում մասնակցել է քննարկումների, գիտաժողովների Իտալիայի, Վրաստանի, ԱՄՆ Հավայան Կղզիների համալսարաններում: