![Law](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/untitled-2.jpg?itok=zi4FXrMA)
Ս.թ. դեկտեմբերի 16-ին և 17-ին տեղի է ունեցել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի՝ ուսանողների համար կազմակերպած բանկային իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթը:
Միջբուհական մրցույթին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող թիմերը:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել են 3 թիմեր։
FSM 2 (FSM - Financial system mediator) թիմում ընդգրկված էին ուսանողներ, որոնք Արցախի պետական համալսարանից էին, իսկ այժմ կրթությունը շարունակում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Թիմի մարզիչը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի հայցորդ Զարինե Ազիզյանն էր։
![Law](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/dsc00831.jpg?itok=D3x1i9Q9)
FSM 5 թիմում ընդգրկված էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ։ Թիմի մարզիչը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արսեն Թավադյանն էր։
FSM 3 թիմը ներկայացնում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները։ Թիմի մարզիչը քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Դավիթ Բակլաչյանն էր:
Գրավոր փուլի ընթացքում թիմերը ներկայացրել են հաճախորդի պահանջ-դիմումը բանկին և բանկի պատասխանը հաճախորդին, իսկ բանավոր փուլի ժամանակ մրցել են միմյանց հետ՝ ներկայացնելով և´ հաճախորդի, և´ բանկի շահերը:
![Law](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/dsc01018.jpg?itok=TPL4RhcU)
Մրցույթի բանավոր փուլը գնահատել են ֆինանսական ոլորտի իրավաբանները, վերոնշյալ համալսարաններում դասավանդող դասախոսները և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները:
Հաշվի առնելով և՛ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները՝ հաղթող են ճանաչվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող FSM 2 և FSM 5 թիմերը։
Բանավոր փուլի «Լավագույն պատասխան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող Արցախի ուսանողների FSM 2, իսկ «Լավագույն պահանջ-դիմում» անվանակարգում՝ FSM 3 թիմը։