ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում անցկացվեց պաստառային ցուցադրություն, որի նպատակն էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ֆակուլտետում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնել համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին:
Ֆակուլտետում իրականացվում է դրամաշնորհային 40 ծրագիր, որի շրջանակում կատարվում են բազմաթիվ գիտական հետազոտություններ։ Յուրաքանչյուր ծրագրի կատարման ժամկետն առավելագույնը 5 տարի է։ Կենսաբանության ֆակուլտետը պաստառային ցուցադրության ժամանակ ներկայացրեց 2-3 տարվա ընթացքում կատարած գիտական հետազոտությունների արդյունքները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը և ամբիոնների վարիչները շրջայց կատարեցին՝ ուսումնասիրելով մասնակիցների հետազոտական աշխատանքները, արդյունքները և քննարկելով բնագավառի նորարարությունները։
Դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված աշխատակիցները, ասպիրանտներն ու մագիստրոսները ներկաներին պատմեցին կատարած հետազոտական աշխատանքների մասին՝ մատնանշելով արձանագրած արդյունքները:
Կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ․գ․դ․ Կարեն Ղազարյանը, անդրադառնալով ֆակուլտետի՝ դրամաշնորհային ծրագրերում ընդգրկվելու ակտիվությանը, շեշտեց․ «Կենսաբանության ֆակուլտետը ոլորտին առնչվող գրեթե բոլոր դրամաշնորհային ծրագրերին մասնակցում է։ Ծրագրերում ընդգրկվելու ակտիվություն է արձանագրվել հատկապես վերջին 2 տարիներին, քանի որ գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորումը կտրուկ աճել է, ինչն էլ հնարավորություն է ընձեռել ֆակուլտետի մասնագետներին ակտիվորեն ներգրավվելու ծրագրերում՝ գիտահետազոտական աշխատանքները որակապես բարձրացնելով նոր աստիճանի»։
Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքների լավագույն ցուցանիշները տպագրված գիտական հոդվածներն են։ Դրանց թիվը երկու տարվա ընթացքում 42 %-ով ավելացել է: Միայն 2022-2023 ուստարում դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ֆակուլտետը հրատարակել է 110 գիտական հոդված, որից 64-ը տպագրվել է ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային գիտական շտեմարաններում (ՄԳՇ)։ Դեկանը նշեց, որ միջազգային գիտական պարբերականներում տպագրվող հոդվածները փաստում են ԵՊՀ-ում իրականացվող հետազոտությունների բարձր մակարդակը։
Ծրագրերի գիտական խմբերում ընդգրկված մասնագետները հետազոտության իրականացման շրջանակում գործուղվել են արտերկիր, մասնակցել միջազգային տարբեր գիտաժողովների․ ֆակուլտետի 101 աշխատակից արտերկրում մասնակցել է միջազգային գիտաժողովների, 70 աշխատակից՝ ներկայացրել զեկուցում։
Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ասպիրանտ Գոհար Մարգարյանը, կարևորելով ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը, վստահեցրեց, որ այն լավ փորձառություն է ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար․ «Մեր հետազոտության թեման վերաբերում է հողերի աղակալման հիմնախնդրին, որն առկա է նաև ՀՀ-ում, հատկապես Արարատյան դաշտում: Մենք լաբորատոր և դաշտային հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով հիմնախնդրի լուծման տարբեր մեթոդներ և ուղիներ ենք առաջարկել: Նմանօրինակ ծրագրերը մեծ խթան և մոտիվացիա են գիտության ուղղությամբ աշխատելու համար: Շնորհակալ եմ ընձեռած հնարավորության և աջակցության համար, որը նպաստում է գիտության ոլորտում հաջողություններ գրանցելուն»:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, գիտաշխատող Անի Հարությունյանը, անդրադառնալով դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կատարած գործունեությանը, նշեց, որ յուրաքանչյուր գիտահետազոտական աշխատանք միտված է և՛ կրթական, և՛ գիտական բաղադրիչի արդյունավետության բարձրացմանը:
Գիտության և կրթության զարգացման, արտերկրի առաջատար գիտակրթական հաստատությունների հետ փոխգործակցության ստեղծման և ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման տեսանկյունից մեծ է գիտահետազոտական ծրագրերի նշանակությունը:
Դրամաշնորհային ծրագրերի գիտական խմբերում արտերկրից ընդգրկվում են գիտական խորհրդատուներ, որոնք ճանաչված և գիտության ոլորտում ավանդ ունեցող մասնագետներ են։ Նրանք ծրագրի իրականացման որոշակի ժամանակահատված (15-30 օր) պետք է մնան և աշխատեն Հայաստանում։ Արտերկրի մասնագետները, հետազոտության շրջանակում այցելելով ԵՊՀ, ուսանողների և դասախոսների համար կազմակերպում են սեմինարներ, դասընթացներ՝ նպաստելով նաև ուսումնական գործընթացի գիտակրթական բաղադրիչի զարգացմանը։
Խոշոր ծրագրերում ընդգրկվում են նաև մագիստրոսներ, ասպիրանտներ, որոշ ծրագրերում էլ՝ բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ՝ հաշվի առնելով նրանց առաջադիմությունը և ցանկությունը։ Այդ ծրագրերում ընդգրկվելու շնորհիվ մագիստրոսներից և ասպիրանտներից շատերն արդեն դասավանդում են ֆակուլտետում։ Կենսաբանության ֆակուլտետում մինչև 36 տարեկան աշխատակիցների թիվը նախորդ տարիների համեմատ կրկնապատկվել է, ինչն էլ նպաստել է ֆակուլտետի աշխատակազմի երիտասարդացմանը։
Նշենք, որ նյութատեխնիկական բազայի վերազինման նպատակով ս․թ․ օգոստոս ամսին ֆակուլտետը, մասնակցելով գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթին, ներկայացրած 4 հայտով ճանաչվել է հաղթող։ Արդյունքում մի շարք սարքավորումների գնման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ ֆակուլտետը համալրվում է ժամանակակից սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է ընձեռում զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը։
Հավելենք, որ դրամաշնորhային ծրագրերի արդյունքում իրականացվում են ոչ միայն գիտահետազոտական աշխատանքներ, այլև կրթական ծրագրերի որոշակի դասընթացների մշակում, բարելավում, բարեփոխում և արդիականացում։