ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանը երկամսյա վերապատրաստում է անցել Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի (ԱՄՆ) Նայթի անվան սիրտ-անոթային ինստիտուտի լաբորատորիայում` պրոֆեսոր Ալինա Մալոյանի ղեկավարությամբ։
Հայարփի Ջավրուշյանը գիտահետազոտական աշխատանքների համար ուսումնասիրել ու յուրացրել է անհրաժեշտ մի շարք մեթոդներ և արդեն կիրառում է համալսարանում՝ ձեռք բերած հմտությունները փոխանցելով մյուս գիտաշխատողներին։ Նա վերապատրաստվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթի շրջանակում։
Նա ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում 6 գիտաշխատողի հետ դեռևս 2016 թվականից է սկսել ուսումնասիրել քաղցկեղի, շաքարախտի, հիպերգլիկեմիայի, հիպօքսիայի ժամանակ տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունները։
«Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում 2015-2016 թթ. աշխատում էինք քաղցկեղով հիվանդ կանանց արյան նմուշների հետ։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ ուռուցքի աճն ապահովող արգինազ և անոթագոյացմանը նպաստող ազոտի մոնօքսիդի սինթազ ֆերմենտների ակտիվության աճը քաղցկեղի առաջընթացի ցուցիչ է: Մենք խնդիր առաջադրեցինք գտնելու այդ ֆերմենտների ակտիվությունն արգելակող բնական և սինթետիկ միջոցներ»,- ասաց Հայարփին։
Վերոնշյալ հետազոտական խմբին միացել է նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի գիտաշխատող, կ․գ․թ․ Միքայել Գինովյանը։ Նա Գդանսկի տեխնոլոգիական համալսարանում (Լեհաստան) եռամսյա վերապատրաստման ժամանակ մետաբոլոմիկ հետազոտությունների միջոցով մի շարք դեղաբույսերում հայտնաբերել է ակտիվ միացություններ, որոնք կարող են դրսևորել հակաքաղցկեղային ազդեցություն:
Հետազոտական աշխատանքներն ամբողջացնելու համար ուսումնասիրությունները շարունակվել են առնետների մոդելում և բջջային գծերում։ Բջջային ցիկլի կարգավորիչ և ազդանշանային համակարգի սպիտակուցների վրա մշակված մոդելի ազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջացել նոր մեթոդների ներդրման։ Դրանք ուսումնասիրելու, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող բժշկագիտական մի շարք ասոցիացիաների ընդունած որոշ առանցքային մեթոդներ (Վեսթերն Բլոթ, ՊՇՌ, իմունոֆերմենտային անալիզ և հոսքային ցիտոմետրիա) յուրացնելու նպատակով Հայարփին մեկնել է ԱՄՆ:
«ԱՄՆ-ում ուսումնասիրեցի մրցույթին ներկայացրած ծրագրի խնդիրները, ինչպես նաև ներգրավվեցի այլ աշխատանքներում՝ յուրացնելով, օրինակ, կենդանի օրգանիզմից բարդ նմուշառումներ կատարելը: Երբ վերադարձա Հայաստան, մեր լաբորատորիայում կատարվում էր փորձարարական աշխատանքի վերջին փուլը, որի ժամանակ գիտական խմբի անդամների հետ կատարեցինք ոսկրածուծի անջատում առնետներից»,- պատմեց Հայարփին:
Այժմ արդեն մշակվում են ստացված տվյալները, որից հետո Հայարփի Ջավրուշյանը ուսումնասիրության արդյունքներով կտպագրի հոդված Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի պրոֆեսոր Ալինա Մալոյանի համահեղինակությամբ։
Հ․ Ջավրուշյանը, կարևորելով գիտահետազոտական աշխատանքների դերը, նշեց, որ գիտության նկատմամբ նրա սերն ու հետաքրքրությունը զարգացել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի շնորհիվ։
«Գիտությունը մեզ միշտ մղում է նոր բացահայտումների, ինչը ոգևորում ու մոտիվացնում է գիտության աշխարհում առաջ շարժվելու համար։ Յուրաքանչյուր ծանրակշիռ ու արժեքավոր ուսումնասիրություն կարևոր է ոչ միայն ՀՀ, այլև ամբողջ աշխարհում գիտության զարգացման համար»,- ընդգծեց ԵՊՀ գիտաշխատողը՝ հավելելով, որ իրենց գիտական ուսումնասիրությունները միտված են բնագավառում նորույթ մտցնելուն։
Հավելենք, որ կատարվող գիտական ուսումնասիրությունները, հետազոտողներին ներպետական և արտերկրում անցկացվող վերապատրաստման ծրագրերում ներգրավելը, միջազգային գիտական հանդեսներում տպագրվող գիտական հոդվածների թվաքանակի աճը խրախուսելը կարևոր նշանակություն ունեն և միտված են ԵՊՀ գիտահետազոտական ուղղության շարունակական զարգացմանը։
Էմիլյա Հոսյան