All stages of tissue processing will be performed sequentially in a short period of time in the Laboratory of Human and Animal Physiology at the YSU Research Institute of Biology. Time will be efficiently managed thanks to state-of-the-art devices serving as a platform for human and animal immunohistochemical and physiological studies.
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը վերոնշյալ հարթակը ձեռք կբերի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանը, ներկայացնելով նոր սերնդի հարթակի հնարավորությունները, նշեց, որ օրգանները, նախքան մանրադիտակով ուսումնասիրելը և ախտորոշելը, անցնում են մի շարք փուլեր՝ ջրազրկում, պարաֆինապատում, ապապարաֆինապատում, կտրվածքների կատարում և այլն:
«Ձեռք բերվող հարթակը ներառում է մի շարք սարքեր, որոնք հնարավորություն են ընձեռում սեղմ ժամկետներում կատարելու հյուսվածքաբանական մշակում, այսինքն՝ օրգանների կտորները մշակելու և ախտորոշման վիճակի հասցնելու»,- ասաց Աննա Կարապետյանը։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այժմ կենդանիների՝ առնետների ու մկների հյուսվածքներն ախտորոշման փուլ հասցնելու համար մի շարք գործընթացներ ձեռքով են կատարվում:
«Մեկ լուծույթից մյուս լուծույթ տեղափոխելու համար ժամանակին հետևելու խնդիր կա: Նոր ձեռք բերվող սարքերի օգնությամբ գործընթացը ավտոմատացված կերպով է կատարվելու: Հնարավորություն կունենանք նաև տարբեր հետազոտությունների համար մեծ քանակությամբ նմուշներ պատրաստելու, օրինակ, պարաֆինապատման սարքի օգնությամբ սովորաբար 3-4 օրում կատարվող աշխատանքը կկարողանանք ավարտել մի քանի ժամում»,- պատմեց Աննա Գրիգորյանը։
Աննա Կարապետյանը, անդրադառնալով լաբորատորիայում կատարվող հետազոտություններին, ընդգծեց, որ իրենք ուսումնասիրում են արտակարգ իրավիճակների ազդեցությունը մարդու և կենդանիների մոդելների վրա:
«Արտակարգ իրավիճակները կարող են տարբեր լինել: Այդօրինակ իրավիճակներից ամենաարդիականը թերևս թթվածնաքաղցն է: Երևույթն ուսումնասիրելու համար մկների մոտ արհեստականորեն առաջացնում ենք նյարդային համակարգի ախտաբանական հետադիմական փոփոխություններ և ուսումնասիրում, թե ինչպես է թթվածնաքաղցն անդրադառնում օրգանիզմի վրա, ինչպես է օրգանիզմը հակազդում թթվածնաքաղցին»,- նշեց Աննա Կարապետյանը:
Շուրջ չորս տարվա համագործակցության շրջանակում բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական հանդեսներում արդեն իսկ տպագրվել է վեց հոդված։ Թթվածնաքաղցի պայմաններում առնետների գլխուղեղի հյուսվածքաբանական հետազոտության վերաբերյալ ևս առկա են տպագրված հոդվածներ միջազգային գիտական հանդեսներում։
Լաբորատորիայում ուսումնասիրվում է նաև COVID-19-ի թողած ազդեցությունը մարդու առողջության վրա: Անդրադառնալով այս ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններին՝ Աննա Կարապետսյանն ասաց. «Թեև համավարակը նահանջել է, սակայն հետևանքները դեռևս տեսանելի են: Գիտական գրականության մեջ կա հստակ ձևակերպում՝ երկարատև COVID, այսինքն՝ հետևանքները որոշ ժամանակ անց են ի հայտ գալիս, ոչ թե անմիջապես։ Մեր լաբորատորիայում կատարվող ուսումնասիրությունների մյուս ուղղվածությունը COVID-19 տարած ուսանողների ֆունկցիոնալ վիճակի գնահատումն է տարբեր պայմաններում: Կան ուսանողներ, որոնք ծանր են տարել հիվանդությունը և կան այնպիսիք, որոնք ավելի թեթև են տարել, կամ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել։ Մենք համապատասխան սարքավորումներով ուսումնասիրում ենք նաև COVID-19-ի թողած հետևանքները սիրտ-անոթային համակարգի վրա»:
Նշենք, որ լաբորատորիան համագործակցում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ: Գործակցության շրջանակում ԵՊՀ հետազոտողները ինստիտուտից վերցնում են օձի՝ անդրկովկասյան գյուրզայի թույնն ու հակաթույնը և կատարում մկների ու առնետների օրգանիզմների հյուսվածքաբանական փոփոխությունների գնահատում։
«Մենք ուսումնասիրում ենք օձի թույնի ազդեցությունն առնետների վրա: Մասնավորապես հետազոտում ենք, թե թույնի՝ օրգանիզմ թափանցելու դեպքում որ օրգաններն են առաջին հերթին թիրախավորվում, ինչպես նաև ստուգում ենք օրգանների կենսական ցուցանիշները: Այնուհետև ուսումնասիրում ենք հակաթույնի ազդեցությունը՝ գնահատելով դրական դինամիկայի փոփոխության աստիճանը։ Դեռևս հետազոտման փուլում է այն, թե հակաթույնի ներարկման պարագայում որքանով է չեզոքացվում թույնի ազդեցությունն օրգանների վրա»,- ընդգծեց Աննա Կարապետյանը:
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետ համատեղ հետազոտում է առնետների մոտ կրծքագեղձի քաղցկեղի ազդեցությունը կրծքագեղձի, ինչպես նաև այլ օրգանների վրա, ուսումնասիրում տարբեր հյուսվածքներում տեղի ունեցող փոփոխությունները, ուռուցքի զարգացումը կանխարգելող եղանակներն ու միջոցները։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի հետազոտողները վստահ են, որ ձեռք բերվող նոր սարքավորումների շնորհիվ ուսանողները հետագայում կունենան ժամանակակից լաբորատորիաներում աշխատելու ավելի մեծ հնարավորություններ, քանի որ ծանոթ կլինեն նոր սերնդի արտադրանքին։
Աննա Կարապետյանը փաստեց, որ միջազգային կրթական համակարգն ունի հստակ ուղղվածություն, այն է՝ գիտահենք ուսուցումը, և իրենք, հետևելով այդ սկզբունքին, դասընթացների շրջանակում զարգացնում են ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները՝ ծանոթացնելով նրանց գիտահետազոտական այն աշխատանքներին, որոնք կատարում են լաբորատորիայում նորագույն սարքավորումների միջոցով:
Նարա Մարտիրոսյան