ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը 2024 թ․ հունվար և փետրվար ամիսներին աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, Ավստրիա և Շվեյցարիա: Գործուղումների շնորհիվ պրոֆեսորը ոչ միայն յուրացրել է գիտահետազոտական նոր մեթոդներ, այլև նպաստել է ԵՊՀ-ի և միջազգային հեղինակավոր մի շարք գիտակրթական հաստատությունների գործակցությանը:
Պրոֆեսորի հետ զրուցել ենք միջազգային գործակցության, գործուղումների նշանակության և նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների մասին։
- Տիկի՛ն Առաքելյան, աշխատանքային այցով հաճախ եք լինում արտերկրի տարբեր գիտակրթական հաստատություններում։ Ներկայացրե՛ք, խնդրում եմ, միջազգային համագործակցության կարևորությունը և այս համատեքստում՝ ԵՊՀ ընձեռած հնարավորությունները:
- Արտերկրի հեղինակավոր համալսարանների հետ գործակցությունը, փորձի փոխանակումը կարևոր բաղադրիչ են գիտական մտքի, հետազոտական աշխատանքների զարգացման համար: Միջազգային բուհեր կատարած աշխատանքային այցը նաև լավ հնարավորություն է ավելացնելու ունեցած գիտելիքներդ, մշտապես կատարելագործվելու և շարժվելու ժամանակակից գիտական մտքին համընթաց: ԵՊՀ-ի դերը, իհարկե, անգնահատելի է միջազգային տարբեր կրթական ծրագրերի մասնակցելու, արտերկրի բուհերի հետ գործակցելու հնարավորությունների և աջակցության առումով: ԵՊՀ-ում մշտապես պատրաստակամ են քեզ աջակցելու, հաջողություններդ խթանելու, մասնագիտական ասպարեզում առաջ մղելու: Այդ իսկ պատճառով արտասահմանյան ցանկացած բուհ գնալուց հետո միշտ ձգտում եմ վերադառնալ համալսարան ու ձեռք բերած գիտելիքներս ներդնել սիրելի ԵՊՀ-ի զարգացման կարևոր առաքելությունում:
- Վերջերս եք վերադարձել Շվեյցարիայից, որտեղ մասնակցել եք համաժողովի։ Կպատմե՞ք մանրամասների ու ձեռքբերումների մասին:
- Փետրվարի 17-ին մեկնել էի Բեռնի բնապատմական թանգարան (Շվեյցարիա): Քանի որ զբաղվում եմ կուսածին մողեսների և ցանցաձև էվոլյուցիոն նոր ուղիների հետազոտմամբ, համաժողովին ներկայացրի բաց դասախոսություն: Ներկայացրի Հայաստանի սողունների յուրահատկությանը վերաբերող հետազոտությունս՝ անդրադառնալով թեմայի կարևորությանը: Համաժողովին ներկա էին նաև բանախոսներ Բեռնի համալսարանից, Էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտից, որոնք առաջադրեցին համատեղ ուսումնասիրության թեմաներ: Նմանօրինակ հետազոտությունների առաջարկներ ստանալը և իրականացնելը բավականին կարևոր են, քանի որ դրանք կարող են ունենալ նշանակալի արդյունք՝ դառնալով փորձի փոխանակման, հետազոտական նոր ասպարեզների ուրվագծման հարթակ: Նմանօրինակ հաջող փորձեր շատ ունենք։ Օրինակ՝ վերջին երկու տարում Կենդանաբանության ամբիոնի ասպիրանտներից Արմինե Քոսյանը Բեռնի համալսարանի մագիստրոսներից մեկի հետ կատարում է հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով սարդերի տաքսոնոմիական և էկոլոգիական որոշ խնդիրներ: Տվյալները մշակում են համատեղ, աշխատանքն ավարտելուց հետո այն կեզրափակվի ամփոփիչ գիտական հոդվածով:
- Գիտենք, որ Շվեյցարիա այցին նախորդել է գործուղում Ավստրիա: Ի՞նչ ծրագրի շրջանակում եք մեկնել։ Կմանրամասնե՞ք:
- Ճիշտ եք, Ավստրիա մեկնել էի բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրի (APPEAR) շրջանակում: Գործակցում են երեք հայկական և երեք ավստրիական գիտակրթական հաստատություններ, իսկ համակարգողը ԵՊՀ-ն է։ Համատեղ դիտարկում ենք կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանում գենետիկական կենսաանվտանգության կարողությունների հզորացումը, որը բավականին կարևոր և հետաքրքիր թեմա է։ Մասնավորապես ուսումնասիրվում են շնագայլերը՝ որպես տարատեսակ հիվանդությունների կրողներ և տարածողներ: Ըստ այդմ՝ գիտահետազոտական մեր թիմը զբաղվում է շնագայլերի տարածած մակաբույծների, դրանց՝ մարդկանց առողջությունը վտանգելու չափի ուսումնասիրությամբ: Ավստրիայում քննարկեցինք նաև «APPEAR» ծրագրի շրջանակում համատեղ ամառային դպրոց կազմակերպելու մանրամասները: Այն նախատեսում ենք կազմակերպել մոտ 10-օրյա տևողությամբ՝ ընդգրկելով ուսանողներ Ավստրիայից և Հայաստանից: Դպրոցի շրջանակում կկատարվեն թե՛ գործնական, թե՛ լաբորատոր հետազոտություններ։ Դպրոցը կեզրափակենք խմբային աշխատանքներով. ուսանողները կմշակեն և կթվայնացնեն դաշտային ուսումնասիրության արդյունքները: Դասընթացները կլինեն անգլերենով, որոնք կանցկացնեն դասախոսներ Հայաստանից և Ավստրիայից: Վստահ ենք՝ այս դպրոցը կարող է դառնալ գործակցության արդյունավետ հարթակ, որտեղ կհամատեղվեն հետազոտություններին անհրաժեշտ հայաստանյան հարուստ բնության ընձեռած հնարավորությունները և ավստրիական դասավանդման բազմամյա փորձը:
- Արդյոք կա՞ն միջազգային գործակցության այլ ծրագրեր, որոնց մասին ևս կուզեիք խոսել:
- Այո՛, ևս մեկ գործուղում եմ ունեցել տարեսկզբին՝ հունվարին: Մեկնել էի Պերուջիայի համալսարան (Իտալիա)՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի «Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության» դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Ուսումնասիրում ենք սողունների օրգանիզմներում տարածված այն հիվանդությունները, որոնք կարող են դառնալ պոպուլյացիայի քչացման կամ անհետացման պատճառ: Աշնանը Հայաստանում կազմակերպել էինք գիտարշավներ, հավաքել անհրաժեշտ քանակով նմուշներ: Արդեն տարեսկզբին, երբ մեկնեցի Իտալիա, աշխատեցինք իմ նմուշներով՝ դիտարկելով առանձնյակի հիվանդության կապը բնապահպանական խնդիրների հետ: Նոր մեթոդաբանությունը հաջողությամբ յուրացնելուց հետո վերադարձա հարազատ ԵՊՀ, որտեղ պատրաստ եմ կիրառելու նոր փորձառությունս և անհրաժեշտաբար փոխանցելու գիտելիքներս: