Կյանք և գիտություն․ միլիարդավոր տարիներ գիսաստղերի և աստերոիդների բախումների հետևանքով Երկիր մոլորակի վրա բավարար քանակությամբ ջրի և ածխածնի հիմքով մոլեկուլներ չեն եղել, ինչի պատճառով էլ կյանք գոյություն չի ունեցել։ Երկրի վրա առաջին բրածոները թվագրվում են 3,5 մլրդ տարի առաջվան, սակայն կան գիտական ապացույցներ, որ կենսաբանական ակտիվությունը տեղի է ունեցել ավելի վաղ։
Մարդկության առջև ծառացած հիմնախնդիրները (հիվանդություններ, շրջակա միջավայրի աղտոտվածություն, կենսաբազմազանության կրճատում և այլն), պահանջում են անհապաղ լուծումներ, որոնց ուղիները փնտրում են կենսաբանները։ Գիտական ուսումնասիրությունների շնորհիվ նրանք որոնում են էներգիայի այլընտրանքային նոր աղբյուրներ, աշխատում գենետիկ խանգարումների վերականգնման, բժշկության մեջ նանոտեխնոլոգիաների ներդրման, կենսատեխնոլոգիաներով մշակաբույսերի արտադրման, սննդի նոր աղբյուրների, գենոմի բացահայտման, շրջակա միջավայրի ուսումնասիրման և առանցքային մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ։
Կենսաբանությունը՝ որպես գիտության ճյուղ, օգնում է մեզ հասկանալ շրջապատող աշխարհի՝ մարդկանց, կենդանիների և բույսերի գործառույթները, դրանց զարգացման փուլերն ու փոխազդեցությունները․ գիտեի՞ք, որ աշխարհում գրեթե ամեն ինչ բաղկացած է միլիոնավոր մոլեկուլներից և դրանցից ամենամեծը՝ առաջին քրոմոսոմը, մարդու օրգանիզմում է, և դրա վրա կա 4000-ից ավելի գեն։
Այսօրինակ բացահայտումներին հնարավոր է ծանոթանալ և անգամ դրանց մասնակիցը կամ նախաձեռնողը դառնալ Երևանի պետական համալսարանի կենսաբանության 90-ամյա ֆակուլտետում։ Այնտեղ կատարվում են տարբեր ուղղություններով մասնագիտական հետազոտություններ, որոնք օգնում են հնարավորինս համընթաց քայլել ժամանակին և կայուն հիմք ստեղծել կենսաապահով և էկոլոգիապես անվտանգ ապագայի համար։
ԵՊՀ առաջնահերթություններից է աշխատակիցների գիտահենք գործունեության խթանումն ու միջազգային գիտական ասպարեզում ներգրավվածության ընդլայնումը։ Հիմք ընդունելով համալսարանի առաջնահերթությունները՝ կենսաբանության ֆակուլտետի գիտնականներն ուսանողների հետ փոխգործակցությամբ ուսումնասիրում են հետազոտական արդիական ուղղություններ, ինչի շնորհիվ արժանանում են տեղական ու միջազգային դրամաշնորհների, որոնցում ներգրավվում են նաև մագիստրանտներ։ Ֆակուլտետում այժմ իրագործվում է 69 դրամաշնորհային ծրագիր։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում գործում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ ներառված են բազային ֆինանսավորմամբ գիտական լաբորատորիաներ։ Բացի դրանից՝ ֆակուլտետում կան Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական, ինչպես նաև Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոններ, որոնք, հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով, ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու հետազոտական նորագույն մեթոդներին, կատարելու ինքնուրույն գիտափորձեր, ստեղծելու և զարգացնելու սեփական ստարտափ գաղափարները։
Ֆակուլտետում կենսաբժշկության ուղղությամբ կատարվում են տարատեսակ հետազոտություններ, էնդեմիկ տեղային բույսերի ուսումնասիրություններ, որոնք կարող են տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի և շաքարային դիաբետի դեմ դեղերի մշակման հիմք դառնալ։ Դեղաբույսերի ուսումնասիրությունից զատ՝ ֆակուլտետում մեծ տեղ է հատկացվում նաև մանրէների ուսումնասիրմանը, քանի որ նոր մանրէների հայտնաբերումը կարող է օժանդակել նոր նյութերի ստեղծման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացներին և, առհասարակ, ի նպաստ ոլորտի զարգացմանը։
Առանձնակի կարևոր է նշել այն, որ ֆակուլտետի գիտնականները վերջին տարիներին Քարվաճառի ջերմային աղբյուրներում հայտնաբերել են նոր տեսակի մանրէ, որը ստացել է «Anoxybacillus Karvacharensis» կամ պարզապես «Քարվաճառ» անվանումը։
Ֆակուլտետի ուսանողներին պարբերաբար հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի, գիտաժողովների, օլիմպիադաների և շատ այլ միջոցառումների, որոնք նպաստում են տեսական գիտելիքի և պրակտիկ ունակությունների ամրապնդմանը։
Համալսարանի տված գիտելիքի շնորհիվ, վերջին կուրսերում սովորող ուսանողներն ու ֆակուլտետի շրջանավարտները դառնում են մրցունակ մասնագետներ և իրենց գործունեությունը շարունակում ԵՊՀ գործընկեր կազմակերպություններում՝ ախտորոշիչ լաբորատորիաներում, հիվանդանոցներում, գործարաններում և այլուր։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան