Zoology and Parasitology
Master's programme
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի ուսուցման ձևը առկա է, ուսումնառության տևողությունը՝ 2 տարի, ուսման վարձի չափը՝ 550 000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ կենսաբանության մագիստրոս։
«Կենդանաբանություն և մակաբուծաբանություն» մագիստրոսական ծրագիրը բաղկացած է 2 հիմնական կառուցամասերից` ուսումնական և հետազոտական, որոնցից յուրաքանչյուրով նախատեսված աշխատանքները կատարվում են ուսումնական և հետազոտական կառուցամասերի համամասնությամբ։
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
Ծրագրի նպատակը
«Կենդանաբանություն և մակաբուծաբանություն» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կունենան կենդանաբանության և մակաբուծաբանության որորտներում խոր տեսական և գործնական գիտելիքներ, կկարողանան տիրապետել ուսումնասիրության ժամանակակից դաշտային և լաբորատոր մեթոդներին, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ձեռք բերված գիտելիքներն արդյունավետ ձևով կիրառելու հայաստանյան և արտասահմանյան մասնագիտական ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատաշուկայում:
Առավելությունները
Մագիստրոսական ծրագիրը ներառում է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներ, որոնք իրականացվում են ժամանակակից ուսումնական մեթոդների կիրառմամբ: Ծրագրի ավարտին ուսանողները ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ Հայաստանի անողնաշարների և ողնաշարավորների բազմազանության, էկոլոգիայի, էվոլյուցիայի, բջջագենետիկայի և գենետիկայի վերաբերյալ: Ուսանողները նաև գործնական փորձ ձեռք կբերեն սողունների, թռչունների և մի շարք կաթնասունների օրգանիզմներում վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և վարակման ուղիների պարզաբանման հետազոտություններում, որոնք վերջին տարիներին ավելի արդիական են դարձել կլիմայի փոփոխության հետևանքով:
Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տալու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ վայրի կենդանատեսակների պահպանության և կենսաանվտանգության որոշ խնդիրների լուծման համար: Ուսանողները կսովորեն կիրառել կենդանաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների ավանդական ու նորագույն մեթոդները՝ տիրապետելով մանրադիտակային, բջջագենետիկական, գենետիկական, էկոլոգիական մոդելավորման, վիճակագրական և կիրառական այլ մեթոդներին, ինչպես նաև կսովորեն աշխատել ժամանակակից սարքավորումներով:
Կարիերայի հնարավորությունները
«Կենդանաբանություն և մակաբուծաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու գիտահետազոտական տարբեր ինստիտուտներում և լաբորատորիաներում, կենդանիների կենսառեսուրսների գնահատմամբ, պահպանմամբ, վերականգնմամբ և արդյունավետ օգտագործմամբ զբաղվող տեղական և միջագային կազմակերպություններում, Շրջակա միջավայրի նախարարության տարբեր ստորաբաժանումներում, միջին ու բարձրագույն մասնագիտական հաստատություններում:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել նաև ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ամբիոնի ասպիրանտուրայում։