March 22, 2023 | 11:35
Education
Science
"Business law and international arbitration": round table discussion
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում:
Կենտրոնը իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» բաժնի ուսանողների հետ կլոր սեղան-քննարկման էր հրավիրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) ազգային համակարգող Մարի Չակրյանին:
Մ. Չակրյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացման, հասարակության վաղ տեղեկացվածության և էկոլոգիական որոշումների կայացմանը ներգրավվածության վիճակը, արդարադատության մատչելիության ոլորտի խնդիրները, առկա խոչընդոտները:
Քննարկվեցին Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ներկա իրավիճակը, Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի կողմից Հայաստանի հանդեպ կայացված որոշումները, դրանց կատարման հիմնախնդիրները: Ուսանողների հետ վերլուծվեցին Կոնվենցիայով նախատեսված իրավունքների դատական և արտադատական պաշտպանության հայաստանյան մեխանիզմները, դրանց արդյունավետությունը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օ. Գեղամյանը շեշտադրեց առողջ և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու նպատակով Օրհուսի կոնվենիայով երաշխավորած իրավունքների, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործուն մեխանիզմների ներդրման, համակարգի լիարժեքության ապահովման կարևորության մասին: Բարձր գնահատելով ուսանողների՝ գիտելիքահեն կրթության մեջ պրակտիկ ոլորտի մասնագետների ներգրավվածությունը, այդ մասնագետների հետ ոլորտի հիմնախնդիրներն ուղղակիորեն քննարկելու կարևորությունը՝ Օ. Գեղամյանը շնորհակալություն հայտնեց Մ. Չակրյանին հրավերն ընդունելու և հագեցած ու հետաքրքիր քննարկման համար: