April 07, 2023 | 14:32
Education
Science
A meeting with applicants was organized at YSU within the annual project "Come to PR"
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի Է ունեցել «Արի՛ PR» խորագրով տեղեկատվական հանդիպում, որը համախմբել էր ավագ դպրոցների ավարտական դասարանների 50-ից ավելի աշակերտների։
Ի՞նչ է PR-ը, ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ, ի՞նչ առանձնահատկություններ ունի «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատական կրթական ծրագիրը. դիմորդներին հուզող այսօրինակ մի շարք այլ հարցերի են անդրադարձել ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, ֆակուլտետի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, խոսելով նշյալ կրթական ծրագրի ընձեռած հնարավորություններից, հույս է հայտնել, որ ներկաներից շատերին կտեսնի սեպտեմբերին արդեն որպես ֆակուլտետի ուսանողների շարքում:
Ֆակուլտետի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր (PR)» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավար Նվարդ Մելքոնյանը ներկայացրել է ծրագրի նպատակները, վերջնարդյունքները, առավելությունները, դասավանդվող առարկաներն ու դասախոսներին, խոսել է տեսական ու գործնական հմտություններ ձեռք բերելու և ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների հետ պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հնարավորություններից:
«PR-ը կենսաոճ է ու ապրելակերպ, մասնագիտություն, որն անհնար է չսիրել: 2022 թ. սեպտեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում գործում է «Հասարակայնության հետ կապեր» (PR) բակալավրիատական ծրագիր՝ առաջինը Հայաստանում, որ շնորհում է PR մասնագետի վկայական։ Այս ոլորտի մասնագետներն այսօր պահանջված են, իսկ մեր ծրագիրը տրամադրում է համակողմանի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ PR-ի, բրենդինգի, գովազդի, կորպորատիվ, սոցիալական-քաղաքական հաղորդակցության ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում արդյունավետ գործունեություն ծավալելու համար»,- նշել է Նվարդ Մելքոնյանը։
Իրենց հաջողության պատմությունների, աշխատանքային հեռանկարների ու մասնագիտության մեծ ներուժի մասին դիմորդներին պատմել են նաև ֆակուլտետի շրջանավարտները՝ որպես արդեն իսկ կայացած մասնագետներ։
Հանդիպման ավարտին «Արի՛ PR»-ի մասնակիցներին ծրագրին մանրամասն ծանոթանալու համար տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ, բացի դրանից՝ նաև թեմատիկ հուշանվերներ։