May 04, 2023 | 09:39
Science
Education
Student
ACADEMIC MOBILITY OF THE STUDENT. GUIDE
Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն առկա ուսուցման դեպքում ընդունվում են ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում:
Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած և ընդունող ծրագրերի բովանդակությունների առարկայական տարբերությունները չեն գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է սովորել մեկ կիսամյակ ցածր կամ հարակից այլ մասնագիտությամբ, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշյալ պահանջը բավարարվում է:
Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսի և ավարտական կուրսերի ուսանողների տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է միայն առաջին կիսամյակի ավարտից հետո:
Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտության գծով, լիցենզիայով հատկացված ընդունելության տեղերի շրջանակում՝ ուսուցման ձևերին և որակավորման աստիճաններին համապատասխան:
Կրեդիտներով պայմանավորված՝ առարկայական տարբերությունների ցանկը որոշում է ընդունող բուհը: Ուսանողը ընդունող բուհի սահմանած անհատական ժամանակացույցով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը, պետք է ուսումնառի և հանձնի առարկայական տարբերությունները:
Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխության դեպքում հնարավոր է փոխել մասնագիտությունը կամ ուսուցման ձևը (առկա, հեռակա): Գործընթացն իրականացվում է շարժունության կարգով, ուսանողի անձնական դիմումի համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության ընդհանուր պահանջներին համապատասխան և ԵՊՀ ռեկտորի հրամանով:
Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխության դեպքում հնարավոր է այլ բուհում սովորել նույն մասնագիտությամբ կամ մեկ ուրիշ մասնագիտությամբ, ինչպես նաև ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությամբ: Տեղափոխության գործընթացն իրականացվում է ուսանողի՝ ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված դիմումի համաձայն, որին կցվում է նաև այն բուհի տրամադրած ակադեմիական տեղեկանքը, որի ուսանողն է ինքը:
Մինչև տեղափոխվող ուսանողների առարկայական տարբերությունների հանձնումը ընդունող բուհի ռեկտորն իրավասու է ուսանողին ժամանակավորապես հրամանագրելու համապատասխան ակադեմիական խմբում և նրան թույլատրելու մասնակցել ուսումնական պարապմունքներին: Հրամանում նշվում են նաև ակադեմիական առարկայական տարբերությունների ցանկը, դրանց մարման անհատական ժամանակացույցը:
Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխության մասին որոշումն ընդունում է ՀՀ ԿԳՄՍ նախարարը` օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո: Օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության դեպքում հանձնման ենթակա ստուգարքներում և քննություններում չեն ներառվում հայագիտական առարկաները: Բացառություն են այն դեպքերը, երբ սովորողն օտարերկրյա բուհում ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, ինչպես նաև տեղափոխվող բուհում ընտրել է հայագիտական ոլորտի մասնագիտություններ:
Սովորողների ակադեմիական շարժունության կարգին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Lue7dP:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն (հեռ.՝ (+374 60) 710 125, (+374 60) 710 033):