May 05, 2023 | 22:10
Science
Education
Society
THE CLOSING CEREMONY OF "THE SCHOOL OF STRATEGIC COMMUNICATION" WAS HELD AT YSU
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի՝ 2023 թ. հոսքի դասընթացի փակման արարողությունը:
Դասընթացն իրականացվել է Երևանի պետական համալսարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սերտ համագործակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Փետրվարի 9-ին մեկնարկած դպրոցի շրջանակում պետական 18 գերատեսչությունների մամուլի քարտուղարներ և հանրային կապերի ներկայացուցիչներ մասնակցել են հաղորդակցության ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող տարբեր թեմաներով տեսական ու գործնական 22 դասընթացների՝ մամուլի հետ աշխատանքի հիմնարար սկզբունքներից մինչև հանրային խոսք, ապատեղեկատվության դեմ պայքարից մինչև սոցիալական մեդիայի հարթակների կիրառում և կիբերանվտանգություն:
«Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շրջանակում առավել մեծ ուշադրություն է դարձվել շահառուների քարտեզագրմանը և շահառուների հետ աշխատանքին, հաղորդակցության ռազմավարությունների մշակմանը, միջգերատեսչական համակարգման գործիքակազմին և ռազմավարական հաղորդակցության հիմունքներին ու սկզբունքներին:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով մասնագիտական վերապատրաստման դասընթացը, փաստեց, որ գործընթացների արդյունավետության հիմքում հաղորդակցությունն է, իսկ այն որակյալ կազմակերպելու համար շատ կարևոր են մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ Հ. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ դասընթացի մասնակիցները, ձեռք բերելով նոր գիտելիքներ և ունակություններ, այսուհետ առավել արհեստավարժորեն կնպաստեն ինչպես հանրության հետ, այնպես էլ գերատեսչությունների միջև հաղորդակցության ամրապնդմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն իր խոսքում նշեց. «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հպարտ է աջակցելու «Կառավարության խոսնակների դպրոցին» և գործակցելու կառավարության հետ այս կարևոր նախաձեռնության հարցում: Դպրոցի հիմնական նպատակն է բարելավել կառավարության՝ հանրության հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողությունը, ցույց տալ հայ ժողովրդին, որ ժողովրդավարությունը տալիս է դրական արդյունքներ, ինչպես նաև միջազգային ասպարեզում ցույց տալ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի կերպարը»։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն իր ելույթում կարևորեց «Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շարունակականության ապահովումը: Արձանագրելով պետական համակարգում հանրային հաղորդակցության ոլորտի պատասխանատուների պարբերական վերապատրաստման անհրաժեշտությունը՝ նա ընդգծեց, որ կառավարության նոր բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ընդլայնել անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակը։ Բարձր գնահատելով ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ Գոռ Ծառուկյանը հատկապես առանձնացրեց միջգերատեսչական կապերի ամրապնդումը հանրությանը հուզող տարբեր հարցերի շուրջ երկխոսության հաստատման և միասնական տեղեկատվության փոխանցման տեսանկյունից։
Միջոցառման ավարտին «Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ: