May 19, 2023 | 15:05
Science
Education
Student
YSU student as a participant in the development of speleology in Armenia
Քարանձավի մութ ու թաքնված անկյունները տանող ճանապարհը լի է խոչընդոտներով և մարտահրավերներով, ուստի ստորգետնյա այդ աշխարհի վերաբերյալ խոր գիտելիքներ ունենալը քարանձավախույզների համար առաջնային նշանակություն ունի:
Պատահական չէ, որ տարիներ առաջ Տիգրան Արմենյանը, հրաժարվելով ուսումը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում շարունակելուց, ընդունվեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ վստահ լինելով, որ այնտեղ կկարողանա նախասիրությունը վերածել մասնագիտության:
Խոսելով իր հետաքրքրությունների և ընտրած մասնագիտության մասին՝ Տիգրանն ասում է. «Անձեռակերտ քարանձավները երկրագնդի վրա այն վայրերից են, որոնք դեռևս լիովին բացահայտված չեն. այստեղ հնարավոր է կատարել աշխարհագրական բացահայտումներ և տեսնել այն, ինչը մշտապես «թաքնվել» է շատերի աչքից: Սրանով պայմանավորված՝ մեծ է անհրաժեշտությունը՝ հասկանալու դրանց առաջացման նախադրյալներն ու մի շարք այլ առանձնահատկություններ: Ընդունվելով ԵՊՀ՝ ոչ միայն ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև ձեռք բերեցի խոր գիտելիքներ հետագայում գրագետ ուսումնասիրություններ կատարելու համար»:
Հատկանշական է, որ Տիգրանը մասնակցել է Հայաստանում մեծությամբ երրորդ քարանձավի՝ Դղդղնածակի (Սյունիքի մարզ) վերահայտնաբերման աշխատանքներին:
Հիշելով դիպվածը՝ Տիգրանը նշում է. «Քարանձավի հայտնաբերումն իմ պրակտիկայի ամենաուշագրավ իրադարձություններից էր: Ըստ նախնական տվյալների՝ այն հիսուն մետր խորությամբ քարանձավ պետք է լիներ, այնինչ իրականում ուներ 578 մետր խորություն»:
Որպես ոլորտում գրանցած հաջողություն Տիգրանը մատնանշում է հասարակական կազմակերպության հիմնումը, որի նպատակն է տարբեր բնագավառների երիտասարդ մասնագետների ներգրավմամբ Հայաստանում զարգացնել քարանձավագիտությունն ու քարանձավախուզությունը:
Ըստ նրա՝ մասնագիտության շնորհիվ հնարավոր է նպաստել հայրենաճանաչությանը (բնական ռեսուրսների բացահայտում, էքստրեմալ տուրիզմի զարգացում), ինչպես նաև համախմբել մի շարք այլ ոլորտների մասնագետների (հնագետներ, երկրաբաններ, մանրէաբաններ և այլն)՝ գիտական համատեղ ուսումնասիրություններ կատարելու:
Տիգրանի խոսքով՝ այս գործում մեծ է նաև ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության դերը, որի շրջանակում կազմակերպված դասախոսություններն ու սեմինար-քննարկումները մի կողմից՝ նպաստում են ոլորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, մյուս կողմից՝ ցանկություն առաջացնում՝ գտնելու քարանձավների ուսումնասիրության գիտական հիմքերը:
Այս համատեքստում Տիգրանն ընդգծում է. «Անդամակցելով կառույցին՝ փորձում եմ ոլորտով հետաքրքրվածներին փոխանցել գործնական այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք եմ բերում քարանձավախուզության ընթացքում: Բացի դրանից, զարգացրել եմ գիտական մտածողությունս, լսելով ֆակուլտետի գիտնականների դասախոսությունները, ինչը հիմք է այս ընթացքում կատարած ուսումնասիրություններս գիտական հոդվածի տեսքով ներկայացնելու համար»:
Քարանձավախույզի համոզմամբ՝ ֆակուլտետն այն ելակետն է, որտեղ ձեռք բերած գիտելիքները կարող են «տանել» մինչև անգամ չբացահայտված քարանձավներ, հասկանալ դրանց մի շարք առանձնահատկություններ և նպաստել ոլորտի զարգացմանը: