May 10, 2023 | 16:02
Science
Education
Research
Research news. We reveal the research works carried out at YSU
Երևանի պետական համալսարանի մարքեթինգի բաժնի և հրատարակչության նախաձեռնությամբ մեկնարկում է «Հետազոտական նորություններ» խորագրով շարք, որի շրջանակում կներկայացվեն ԵՊՀ գիտնականների այն հոդվածները, որոնք ընդգրկված են «Journal of Sociology», «Journal of Political Science», «Translation studies: Theory and Practice», «Armenian Folia Anglistika» գիտական ամսագրերում:
«Հետազոտական նորությունների» շրջանակում զրուցել ենք ԵՊՀ հետազոտող, սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ Մարինա Գալստյանի հետ:
«Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական հանդեսում հրատարակված «Վերասահմանելով երիտասարդությունը» գիտական հոդվածում ստեղծելով իրականության որոշակի պատկեր՝ նա վերլուծել, մեկնաբանել և «ստեղծել է» նոր իրականություն: Սա էլ գիտությամբ զբաղվելու իր շարժառիթներից է:
Խոսելով իր մասնագիտության մասին՝ Մ. Գալստյանը մեջբերեց. «Այն ինչ մտածում ես իրականության մասին, իրականության մի մասն է»: Մեր զրուցակիցը փաստեց, որ սոցիոլոգիան հնարավորություն է տալիս հասկանալու և «կառուցելու» իրականությունը:
Ավելի քան հինգ տարիների ընթացքում մասնակցելով բազմաթիվ գիտական համաժողովների և քննարկումների, աշխատելով երիտասարդների հետ, իրականացնելով պրակտիկ և գիտական ուսումնասիրություններ ու հետազոտություններ երիտասարդության, կրթության վերաբերյալ՝ Մարինա Գալստյանն ի վերջո հանգել է վերջնական եզրակացության. «Կարելի է գրել հոդված երիտասարդության մասին, բայց ինչպե՞ս. ինձնից ավելի քան հինգ տարի պահանջվեց հոդվածի բովանդակության հարցում կողմնորոշվելու համար»,- ասաց Մ. Գալստյանը:
Հոդվածը հիմնված է պրակտիկ սոցիոլոգիական հետազոտությունների փորձառության վրա, ինչը հեղինակը ձեռք է բերել Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնում, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Հոդվածով փորձ է արվել կապ ստեղծելու երիտասարդության սոցիոլոգիայի տեսական և գործնական դաշտերի միջև։
Գիտական հոդվածում վերլուծվել և քննարկվել են երիտասարդության սոցիոլոգիայի ժամանակակից մոտեցումները: Առաջ է քաշվել մի մոտեցում, ըստ որի, երիտասարդության սահմանումը ավելի համապարփակ և ընդգրկուն կառուցելու համար պետք է կենտրոնանալ երիտասարդների անկախության ձեռքբերման գործընթացի ուսումնասիրման և չափման վրա։ Հոդվածում քննարկվել են երիտասարդների անկախության բաղադրիչները (տնտեսական, ֆինանսական, կենցաղային, մտավոր), ներկայացվել են երիտասարդների անկախության ձեռքբերմանը նպաստող գործոնները (կրթության, զբաղվածության, կարիերայի, ծնողներինց առանձին ապրելու, ճանապարհորդելու հնարավորությունները):
Մ. Գալստյանը վստահեցրեց՝ գիտական խոսույթում (դիսկուրս) քննարկվող, վերլուծվող արդիական այս թեմայի շուրջ հայ սոցիոլոգներն ունեն կարևորագույն ասելիք: Այս հարցում իր դերն ունի հայ անվանի գիտնականների թողած գիտական ժառանգությունը, որի պահպանմանը մշտապես հետամուտ է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Զրույցի ավարտին Մարինա Գալստյանը խորհուրդ տվեց երիտասարդներին կարդալ հոդվածը, ծանոթանալ, քննադատել ու հակադրվել դրան: Նա հույս հայտնեց, որ այն կընթերցեն նաև պետական, միջազգային, տեղական այն կառույցների ներկայացուցիչները, որոնք աշխատում են երիտասարդների հետ և իրականացնում ծրագրային աշխատանքներ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հրատարակչությունը, նպատակ ունենալով միջազգային ասպարեզ դուրս բերելու հայաստանյան գիտական համայնքի կատարած հետազոտական աշխատանքները և դրանք հասանելի դարձնելու ընթերցող լայն հանրությանը, սերտ համագործակցում է ակադեմիական հանրության հետ և հրատարակում միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական պարբերականներ, մենագրություններ, դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:
Նշենք, որ «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական ամսագիրը «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսից առանձնացած ամսագրերից է, որի «Սոցիոլոգիա» շարքը ներկայացնում է ժամանակակից հասարակության հրատապ խնդիրների սոցիոլոգիական և միջառարկայական վերլուծության վերաբերյալ հոդվածներ: Սոցիոլոգիական շարքի թեմատիկ ոլորտներից են ժամանակակից հասարակությունների սոցիալական, տնտեսական, քաղաքական, ռազմական խնդիրները, որոնք արտացոլված են հասարակական ընկալումներում և տարբեր սոցիալական խմբերի հաղորդակցական ու վարքային մոդելներում։