May 12, 2023 | 10:40
Science
Education
International cooperation
A professor from University of Teramo was hosted at the YSU Faculty of Biology
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Տերամոյի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան ներկայացրել է արդիական թեմաներով դասախոսություններ:
Տերամոյի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների և ագրոպարենային ու բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր Պաոլա Պիտտիան այցելել էր ԵՊՀ «ARMDOCT» նախագծի և «Էրազմուս+» ծրագրի շրջանակում:
Խոսելով Երևանի պետական համալսարանի հետ շարունակական համագործակցությունից՝ բանախոսը նշեց. «Մենք կարևորում ենք ԵՊՀ-ի հետ գործակցությունը, քանի որ այն բացում է լայն հեռանկարներ սննդի արտադրության, կադրերի պատրաստման և նորարարական տեխնոլոգիաների ներմուծման, ինչպես նաև ոլորտում համատեղ գիտական նվաճումներ գրանցելու համար»:
Այցի ընթացքում պրոֆեսորն անցկացրել է հանդիպումներ և կլոր սեղան-քննարկումներ, կարդացել է դասախոսություններ: Առաջին հանդիպմանը նա հանգամանորեն ներկայացրել է Տերամոյի համալսարանը, վերջինիս կառուցվածքային առանձնահատկությունները, կրթության կազմակերպման բնույթը, կրթական ծրագրերն ու այնտեղ գործող գիտահետազոտական կենտրոնները: Հաջորդող դասախոսությունները նվիրված էին ժամանակակից սննդարդյունաբերության զարգացման ուղղություններին, դրանցում նորարարական մոտեցումներին: Մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնավորապես «Սննդային նոր բաղադրիչների աղբյուրներ առողջ սննդի համար» և «Պատիճավորման տեխնոլոգիաներ նորարարական սննդամթերքի արտադրության համար» թեմաներով դասախոսությունները: Քննարկվել են քիմիական, ֆիզիկական և կառուցվածքային գործոնները, որոնք կարող են ազդել սննդամթերքի որակի և կայունության վրա:
Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել են նաև կրթական նոր դրամաշնորհային հայտադիմումների ներկայացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ամրապնդելու ԵՊՀ-ի և Տերամոյի համալսարանի միջև գործակցությունը: