May 19, 2023 | 12:41
Science
Education
International cooperation
YSU students were hosted at the University of Geneva
ԵՊՀ ինը ուսանողներ մասնակցել են Ժնևի համալսարանում կազմակերպված բանակցային սեմինարին, որի ժամանակ ամփոփվել է 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում առցանց ձևաչափով անցկացված «Գլոբալ կառավարում. բանակցությունների արվեստ և գիտություն» գործնական դասընթացի եզրափակիչ փուլը։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-05/02_26.jpg?h=c905926b&itok=JR6uVRze)
Սեմինարին մասնակցել են նաև Ժնևի, Ցյուրիխի և Մոնրեալի համալսարանների ուսանողներ: Մեկ կիսամյակ տևած առցանց դասախոսություններին և գործնական պարապմունքներին հաջորդած երկօրյա ինտենսիվ բանակցային խաղ-սեմինարի հիմնական նպատակներից էր կատարելագործել մասնակից ուսանողների՝ միջազգային բանակցություններ վարելու և համաձայնագրեր մշակելու հմտությունները:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/01_30.jpg?itok=kciEI_xP)
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համալսարանական խմբի ակադեմիական ղեկավար Վահագն Ագլյանի խոսքով՝ այժմ քննարկվում են այդ դասընթաց-սեմինարի կրեդիտատարության, ինչպես նաև դրա՝ ԵՊՀ համապատասխան մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրերում ընդգրկելու հարցերը, ինչը ենթադրում է Ժնևի համալսարանի հետ համագործակցության շարունակականություն։
Հավելենք, որ այցի ընթացքում «Ամերիկագիտություն» կրթական ծրագրի մագիստրանտ Աշոտ Ստեփանյանը Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնում հանդես է եկել զեկույցով: Նա միջոցառման մասնակից մյուս երեք բուհերի ուսանողներին և GSCP անձնակազմին է ներկայացրել ծրագրի հեռանկարային առավելություններն ու ակնկալվող արդյունքները։
Նշենք, որ հիշյալ միջոցառումը կազմակերպվել էր Ժնևում GESDA հիմնադրամի կողմից՝ «Գիտության և դիվանագիտության շաբաթ-2023»-ի շրջանակում: