May 24, 2023 | 12:32
Science
Education
International cooperation
A Young Analyst School was opened at YSU
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Երիտասարդ վերլուծաբանի դպրոցի բացումը, որը կդառնա Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոցների միջազգային ընկերության անդամ:
Դպրոցի բացումը նախաձեռնել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը և ՌԴ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դպրոցի հիմնական աշխատանքները կսկսվեն սեպտեմբերից: «Դպրոցի երիտասարդ ունկնդիրներին կներկայացնենք ՀՀ գիտավերլուծական աշխատանքով զբաղվող նշանավոր մասնագետների հետազոտությունները, կկազմակերպենք հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ, ինչպես նաև դպրոցի երիտասարդ վերլուծաբանները կկատարեն հետազոտական ինքնուրույն աշխատանքներ ու զեկույցներ, իսկ լավագույնները կհրապարակվեն գիտական պարբերականներում»,- նշեց Ա. Սաֆարյանը:
Երիտասարդ վերլուծաբանի դպրոցին մասնակցում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետների, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Շիրակի պետական համալսարանի մոտ 20 ուսանողներ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանը, կարևորելով դպրոցին մասնակցությունը, ընդգծեց. «Դպրոցը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու արդի աշխարհաքաղաքական խնդիրները, և մեր հետազոտություններում առաջարկելու դրանց հնարավոր լուծումները զարգացում ապահովելու համար»:
Շիրակի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Դավոյանը ևս դպրոցի մասնակիցներից է: «Դպրոցի շնորհիվ կձևավորեմ նոր կապեր ու ծանոթություններ ոչ միայն գիտնականների ու մասնագետների, այլև ՀՀ տարբեր բուհերի ուսանողների և Մոսկվայի գործընկերների հետ: Սա հրաշալի հնարավորություն է արդի խնդիրներին նոր դիտանկյունից ու նոր մոտեցմամբ նայելու, սովորելու և սովորեցնելու»,- ասաց Տաթևիկը:
Նշենք, որ դպրոցի բացմանը դասախոսություններ կարդացին ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Իգոր Մատվեևը՝ «Միջազգային բախումների վերլուծության մեթոդիկան» խորագրով և Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Հետխորհրդային հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, պ.գ.դ. Կոնստանտին Կուրիլյովը՝ «Եվրասիական տարածաշրջանի ուսումնասիրության արտասահմանյան և ռուսական ժամանակակից դպրոցները. բնույթը, առանձնահատկությունները և միտումները» թեմայով, ինչպես նաև ներկայացվեց Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոցների միջազգային ընկերության գործունեությունը և համագործակցության ընդլայնման հեռանկարները: