May 24, 2023 | 16:46
Science
Society
Publications and scientific journals
Presentation of the book "Shengavit" at YSU
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենգավիթ» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է Հարավային Կովկասի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ քաղաքատեղին:
Գիրքն արդյունք է ավելի քան երկու տասնամյակ տևած պեղումների և ուսումնասիրությունների, որը բացահայտում է Հայաստանի հնագույն մշակույթների համար կարևորագույն շրջափուլերից մեկի՝ վաղ բրոնզի դարի շենգավթյան կամ կուր-արաքսյան կոչվող մշակույթի առանցքային հուշարձաններից մեկի՝ Շենգավիթ քաղաքատեղիի գրեթե բոլոր առանձնահատկությունները: Հուշարձանի մասին հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, մենագրությունների առաձին գլուխներ, Հայաստանի պատմության թանգարանում պահվող գտածոների գրացուցակը, սակայն շուրջ մեկ հարյուրամյակ տևած ուսումնասիրությունների վերաբերյալ մինչ այս գրքի տպագրությունը չի եղել ամփոփ գիտական աշխատություն:
ԱՄՆ-ում հրատարակված անգլիալեզու կոլեկտիվ մենագրության գիտական խմբագիրներն են պ.գ.թ., արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան ակադեմիկոս Հակոբ Սիմոնյանը և ԱՄՆ Վայդների համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միտչել Ռոթմանը: Աշխատությունը գրել են ինչպես գիտական խմբագիրները, այնպես էլ ՀՀ-ում և արտերկրում մեծ հեղինակություն վայելող մեկ տասնյակից ավելի գիտնականներ:
Գրքի հեղինակ Հակոբ Սիմոնյանը շեշտեց, որ մենագրությունը նոր խոսք է հայագիտության բնագավառում և կարևոր նշանակություն ունի Հայաստանի հնագույն պատմության, մշակույթի բացահայտման և միջազգային մակարդակով այն ներկայացնելու համար:
«Ինձ համար մեծ հպարտություն է, որ ես սովորել ու աշխատել եմ Երևանի պետական համալսարանում, ես ինձ միշտ համարել և շարունակելու եմ համարել համալսարանական և իմ խորին ցանկությունն է, որ հենց ԵՊՀ-ում հրատարակվի գրքի հայերեն տարբերակը, որի վերաբերյալ աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են»,- նշեց Հ. Սիմոնյանը:
Գրքի հեղինակը հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, և կյանքի կկոչվեն նոր գաղափարներ: