May 25, 2023 | 14:31
Science
Conferences
International cooperation
International Conference at YSU
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացել է «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2023. նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը:
7-րդ անգամ կազմակերպվող գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է ԵՊՀ-ում՝ դառնալով տարածաշրջանային հարթակ, քանի որ մասնակցում էին անվանի գիտնականներ ու մասնագետներ ոչ միայն Երևանից, այլև Մոսկվայից ու Թբիլիսիից:
Միջազգային գիտաժողովը բաղկացած էր երկու կլոր-սեղան քննարկումներից՝ «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործում» ու «Հայաստանը և Ռուսաստանը՝ ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր» խորագրերով:
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանք հաղթահարելու ուղիները, առկա վիճակի զարգացման գործոնները, մոդելներն ու հեռանկարները և այլ կարևոր հարցեր:
Գիտաժողովի շրջանակում ամփոփվել են նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի հայտարարած «Երիտասարդ գիտնականի լավագույն հոդված» և «Լավագույն ուսանողական գիտական աշխատանք» մրցույթների արդյունքները, որը ուներ «Հայ-ռուսական ռազմավարական միություն. պատմություն, արդի վիճակ և տեսանելի հեռանկարներ» խորագիրը: Լավագույններն արժանացել են պատվոգրերի ու գովասանագրերի: Մրցույթին մասնակցում էին ԵՊՀ-ից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, ՀՊՃՇՀ-ից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղից:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը և ՌԴ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը, որոնց նախաձեռնությամբ ԵՊՀ-ում բացվել է Երիտասարդ վերլուծաբանի դպրոց: