May 30, 2023 | 11:18
Education
Competitions
Student
"Victory is a new challenge to surpass myself". Sveta Sahakyan
«ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Սվետա Սահակյանը: Ուսանողական հաջողության պատմությունն արտացոլում է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու հնարավորությունները, մասնագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերն ու Լավագույն ուսանողի կոչումը կրելու պատասխանատվությունը։
Պատմում է Սվետան` Հայաստանում զբոսաշրջային զանգվածային միջոցառումների զարգացմանը նպաստել ցանկացող համալսարանականը…
ԵՊՀ ընդունվելն իմ հաջողությունն էր...
Դիմեցի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ վստահ լինելով, որ այնտեղ հնարավոր կլինի ոչ միայն բացահայտել ամբողջ աշխարհն ու տարբեր երկրների մշակույթներ, այլև մասնագիտանալ սպասարկման բնագավառում, թեպետ դպրոցական տարիներից Արևելյան մշակույթին քաջածանոթ լինելու ցանկությունն էր, որ ինձ «հանգիստ չէր տալիս»: ԵՊՀ-ում սպասելիքներս արդարացան. չորս տարիների ընթացքում գիտելիքներ ձեռք բերեցի ինչպես աշխարհագրական, այնպես էլ տնտեսագիտական, մարքեթինգային, կառավարչական, սերվիսագիտական, զբոսաշրջագիտական ուղղություններով: Կարելի է ասել, ֆակուլտետը տալիս է բազմապրոֆիլ և մրցունակ շրջանավարտներ:
Իմ հաջողության բանալին մշտապես սովորելն ու սովորեցնելն է:
Տեսական խոր գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ` ֆակուլտետում իմ մեջ ձևավորվել է անդադար զարգանալու ձգտում, ինչն ինձ համար տարաբնույթ միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հիմք է դարձել: Լինելով ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ` շատ անգամ նախաձեռնել եմ բազմաթիվ միջոցառումներ: Ըստ էության, հանձնաժողովը նախագահելը մեծ պատասխանատվություն է ենթադրում. պետք է պատվով շարունակել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզեմեդալակիր Գևորգ Արշակյանի՝ հանձնաժողովի շրջանակում նախաձեռնած ծրագրերը: Լիահույս եմ՝ մեր թիմի առջև դրված խնդիրները հաղթահարվել են:
Բացի համալսարանական ակտիվ կյանք վարելուց՝ նաև դասախոսում եմ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում և համալսարանում ստացած տեսագործնական գիտելիքներս փոխանցում կրտսեր սերնդին։
Մեծագույն ցանկությունս է նպաստել Հայաստանում զբոսաշրջային զանգվածային միջոցառումների զարգացմանը, որտեղ առանցքային նշանակություն ունեն միջազգային փորձին լավատեղյակ լինելը և դրան հետևելը։
Ըստ էության, զբոսաշրջային զանգվածային միջոցառումներն էականորեն նպաստում են զբոսաշրջային տարածքների գրավչության և մրցունակության բարձրացմանը: Հայաստանում զանգվածային զբոսաշրջային միջոցառումների ոլորտային ճյուղն այնքան էլ զարգացած չէ, սակայն վերջին տարիներին նկատելի են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնցից անմասն չի մնում նաև համալսարանը: Ֆակուլտետում ոչ միայն կազմակերպվում և անցկացվում են տարատեսակ հանդիպում-քննարումներ ու դասախոսություններ, այլև ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու միջազգային մի շարք ծրագրերի՝ ձեռք բերված լավագույն փորձն այնուհետև տեղայնացնելու ակնկալիքով: Օգտվելով այդ հնարավորությունից՝ մասնակցել եմ Բուլղարիայում և Վրաստանում անցկացված «Pro Extour» նախագծին և մշակել զբոսաշրջային զանգվածային միջոցառումների վերաբերյալ ծրագիր: Այն կազմելու գործում նշանակալի դերակտարում է ունեցել վերոնշյալ երկրների մշակույթների մանրակրկիտ ուսումնասիրությունը:
Կատարածս հետազոտությունները և տեսական գիտելիքներս հիմք են դարձել հեղինակելու գիտական հոդված, որը տպագրվել է «Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» պարբերականում:
«ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում հաղթելը պարտավորեցնում է գրանցել նոր հաջողություններ և ոգեշնչել այլ ուսանողների:
Երբ հավաքագրում էի գրանցած հաջողություններս հավաստող և մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը, վազող տողի նման աչքերիս առջև եկան համալսարանական այն չորս տարիները, որոնց ընթացքում կոփվել ու ձևավորվել եմ որպես երկրի համար արժանի քաղաքացի. այդ գործում անգնահատելի է ֆակուլտետի դասախոսների դերը: Իսկ այս մրցույթում գրանցած հաղթանակը դարձել է նոր մարտահրավեր՝ ինքս ինձ գերազանցելու, իմ ուժերին հավատացողների սպասելիքներն արդարացնելու և ոլորտի զարգացման համար նոր քայլեր ձեռնարկելու: Հուսով եմ` նոր ձեռքբերումներս երկար չեն սպասեցնի. շուտով մասնագիտական ոլորտում հանդես կգամ նոր ասելիքով…