June 09, 2023 | 10:53
Education
Competitions
Student
"Being awarded the title of the best student is a unique motivation to achieve new victories". Jemma Aslanyan
Քաղաքագիտությունն ուսումնասիրում է ինչպես բուն քաղաքականության, այնպես էլ հասարակական կյանքի մյուս բնագավառներին առնչվող օրինաչափություններ։ ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ուսանող Ջեմմա Ասլանյանի համալսարանական յուրատեսակ ակտիվությունը դարձել է «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում հաղթելու գրավական:
Հետաքրքրված լինելով պատմությամբ և քաղաքականությամբ՝ Ջեմման ընդունվել է Երևանի պետական համալսարան և «կրթագիտական ճանապարհորդություն» կատարել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
«Ուսումնառության տարիներին ծանոթացել եմ միջազգային և տարածաշրջանային քաղաքական գործընթացներին, բացահայտել դրանց առաջացման գիտական հիմքերը»,- մեզ հետ զրույցում մատնանշում է ԵՊՀ լավագույն ուսանողը և հավելում. «Համալսարանական տարիներս գերհագեցած և լիարժեք են դարձել նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի շնորհիվ»:
Հատկանշական է, որ առաջին կուրսից ներգրավվելով կառույցի տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում՝ հաճախ հենց Ջեմման է եղել դրանց նախաձեռնողը և կատարած անմնացորդ աշխատանքի համար ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից ավարտական կուրսում պարգևատրվել շնորհակալական մեդալով:
Ձգտելով մասնակցել նաև ֆակուլտետում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին` նա քանիցս հանդես է եկել թեմատիկ զեկուցումներով: Դրանցում նա անդրադարձել է քաղաքականության տեսության մեջ ժողովրդավարության հիմնախնդրին, մոտեցումներին ու հեռանկարներին: Ասում է` իր կատարած ուսումնասիրություններով նպատակ ունի ներդրում ունենալու մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: Որպես մասնագիտական ոլորտում կատարած առաջին քայլ նա մատնանշում է ՀՀ օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում աշխատելը:
«Ազգային ժողովում աշխատելիս ինձ մեծապես օժանդակում էին ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքներս, որոնք կարևորագույն հիմք են՝ ներգրավվելու պետության կառավարման աշխատանքներում և գրանցելու հաջողություններ»,- ասում է ԵՊՀ լավագույն ուսանողը:
Ջեմմայի խոսքից պարզ է դառնում, որ իր գիտելիքների կիրառական նշանակությունը չի սահմանափակվում միայն նեղ մասնագիտական ոլորտով. համալսարանում ստացած համակողմանի կրթության շնորհիվ նա դարձել է Հարվարդի առցանց բիզնես դպրոցի շրջանակում կազմակերպվող դասընթացի մասնակից, զարգացրել շուկայագիտության և կառավարման վերաբերյալ գիտելիքները և գերազանցությամբ ավարտել դպրոցը:
Ամփոփելով խոսքը՝ նա նշում է, որ «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում գրանցած հաղթանակը ևս առանցքային դերակատարում է ունենալու իր սահմանած նպատակակետին հասնելու համար: