June 08, 2023 | 14:15
Science
Educational programs
Education
The Queen Of All Sciences as the Basis of World Perception
Ժամանակակից աշխարհում վճռորոշ դիրք զբաղեցնող գիտաճյուղերից մեկը՝ մաթեմատիկան, համընդհանուր այն «լեզուն» է, որը «զինում է» մեզ անհրաժեշտ այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտության մեջ նշանակալի ձեռքբերումներ գրանցելուն, այլև առօրյա կյանքի ճշգրիտ կազմակերպմանը։
Անվանի մաթեմատիկոս Կառլ Ֆրիդրիխ Գաուսը, որին 19-րդ դարում շնորհվել էր «Մաթեմատիկայի արքա» պատվավոր կոչումը, ուսումնասիրության այս ոլորտն անվանել էր «Գիտությունների թագուհի», քանի որ գիտաճյուղի առանցքում տրամաբանական և վերլուծական մտածողությունն է, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում լուծել տարակազմ և բազմաբովանդակ խնդիրներ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուրին։
Ցանկացած բնագավառում՝ սկսած բժշկությունից մինչև աստղագիտություն, օդերևութաբանությունից մինչև ճարտարագիտություն, մաթեմատիկական հիմնային գիտելիքների բավարար իմացությունն ու հմտությունների լավագույնս տիրապետումը օգնում են մասնագետներին գրանցել ոլորտային գերազանց արդյունքներ՝ ընձեռելով նաև աշխատաշուկայում կայուն դիրք գրավելու լայն հնարավորություններ։
Ժամանակակից մաթեմատիկոսները զբաղվում են և՛ կիրառական (ինչպես՝ ֆիզիկայի բարդ դիֆերենցիալ հավասարումների լուծում, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ուսումնասիրություն), և՛ տեսական հարցերով։
Մեխանիկան, իր հերթին, 21-րդ դարի ճշգրիտ գիտության, տեսական և գործնական ոլորտներում զբաղեցնում է իր ուրույն տեղը։ Մեխանիկոսներն իրենց գիտելիքները կարող են կիրառել դեֆորմացվող պարզ և բարդ կառուցվածքների, մեխանիկական հատկությունների հետազոտման և նրանց օպտիմալ նախագծման, դինամիկ համակարգերի՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների աերոդինամիկական կայունության և ղեկավարման, ռոբոտ-մանիպուլյատորների ղեկավարման և կայունության, կոնֆլիկտային իրավիճակներում և անորոշության դինամիկ համակարգերի դիտման և ղեկավարման բնագավառներում։
Աշխարհը հնարավոր է առավել ընկալելի դարձնել մաթեմատիկական հավասարումների միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ հմտություններին տիրապետելու լավագույն ուղեցույցն առաջարկում է եռաստիճան կրթություն կազմակերպող ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։
Ֆակուլտետի բակալավրիատում իրականացվում են «Մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մեխանիկա» և «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրերը։ Մագիստրատուրայում հնարավոր է կրթությունը շարունակել հետևյալ նեղ մասնագիտացումներով՝ «Մաթեմատիկա և կիրառություններ», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» և «Ֆինանսական մաթեմատիկա»։ Բակալավրիատի ուսանողները, մասնակցելով մանկավարժական կրթամասի դասընթացներին (վճարովի հիմունքով), ստանում են նաև մանկավարժի որակավորում։
Այստեղ դասավանդում են հանրապետության անվանի և առաջատար մասնագետներ, որոնք վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են տեղական ու միջազգային հետազոտական ծրագրերում։
Ֆակուլտետի տրամադրած գիտելիքների և հմտությունների շնորհիվ ուսանողները սովորելու տարիներից (հատկապես՝ 3-րդ կուրսից սկսած) մուտք են գործում մասնագիտական աշխատաշուկա։
Ֆակուլտետի ուսանողները մասնակցում են նաև միջազգային փոխանակման ծրագրերի․ մեկ կամ երկու ուսումնական կիսամյակ ուսանողները սովորում են եվրոպական տարբեր բուհերում և օգտվում այդ փորձառության ընձեռած բազմաքանակ հնարավորություններից։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գործում են տասից ավելի համակարգչային լսարաններ՝ համալսարանի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, «Կրիսպ» ընկերության և Ամերիաբանկի համատեղ ջանքերի շնորհիվ։ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնըլ» (ՖՄԻ) միջազգային ընկերության հետ գործակցության շրջանակում ֆակուլտետում գործում է հետազոտական կենտրոն, իսկ «KetSoft» տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերության հետ համատեղ գործում է մեխանիկայի ուսումնական լաբորատորիան՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը գործակցային լայն կապեր ունի մաթեմատիկայի և մեխանիկայի ուղղվածությամբ մի շարք խոշոր կենտրոնների, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների հետ։ Ֆակուլտետը համագործակցում է նաև ՀՀ խոշորագույն բանկերի, ՏՏ ոլորտի, տեխնոլոգիական առաջատար ընկերությունների («Krisp», «YerevaNN» և «PicsArt» ընկերություններ), կլինիկական վիճակագրական ծրագրավորում, կլինիկական տվյալների կառավարում և կենսավիճակագրական ծառայություններ մատուցող «The Gurus» ընկերության, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումներ առաջարկող «KetSoft» ընկերության հետ։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։