July 06, 2023 | 16:01
Partners
Education
Lifelong learning
Course on Adult Teaching Methodology at YSU
ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» խորագրով դասընթացը, որի հիմքում «Curriculum GlobALE»-ի մեթոդաբանությունն է:
«Curriculum GlobALE»-ի մեթոդաբանությունը մեծահասակների հետ աշխատող դասընթացավարների մասնագիտական զարգացման միջազգային չափորոշիչ է, որը միտված է նպաստելու մեծահասակների դասավանդման մեթոդաբանության զարգացմանը:
«Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» դասընթացը, որի նպատակն է զարգացնել մեծահասակների հետ աշխատող մասնագետների հմտություններն ու կարողությունները, կազմակերպվել է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Դի Վի Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում: Կողմերը սկսել են համագործակցել դեռ նախորդ տարվանից և իրագործել են մեծահասակաների կրթությանն առնչվող մի շարք նախագծեր ու ծրագրեր: Այժմ իրականացվում է նաև մի նախագիծ, որի շրջանակում ուսանողական խմբերը ԵՊՀ դասախոսների ղեկավարությամբ կատարում են մեծահասակների ուսումնառության և կրթության տարաբնույթ խնդիրներին առնչվող հետազոտություններ:
Մեծահասակների դասավանդման հիմքում այն մոտեցումն է, ըստ որի՝ դասավանդողը ոչ թե պետք է պարզապես ղեկավարի ուսումնական ողջ գործընթացը և այդ գործընթացի մասնակցիներին, այլ ուսումնական գործընթացն ուղղորդի այնպես, որ սովորողը հնարավորություն ունենա ձեռք բերելու այն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք ցանկանում է ստանալ:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, անդրադառնալով դասընթացի անցկացման կարևորությանը, ընդգծեց. «Աշխարհում կրթության զարգացման միտումները փաստում են, որ ֆորմալ կրթությունն աստիճանաբար միաձուլվում է ոչ ֆորմալ կրթությանը: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում տեղեկացված լինելու ոչ ֆորմալ կրթական միջավայրում կիրառվող ձևաչափերին, հմտություններին ու մոտեցումներին և դրանք կիրառելու ֆորմալ միջավայրում: Բացի դրանից՝ մեծահասակների հետ աշխատելիս դասավանդման ավանդական մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն: Իսկ այս դասընթացը կնպաստի, որ մշակվեն և իրականացվեն ուսումնական նոր ծրագրեր՝ այլ մոտեցմամբ»:
«Դի Վի Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ալլա Գևորգյանը, խոսելով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունից, նշեց. «Մեծահասակների դասավանդման մեթոդաբանության զարգացման գործում առանցքային դեր ունեն բուհի հետ սերտ կապերն ու նմանօրինակ դասընթացների կազմակերպումը: Այս դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվելու են միջազգային փորձն ու մոտեցումները, որոնց շնորհիվ մեծահասակաների ուսումնառության մեթոդները նոր որակ են հաղորդելու դասապրոցեսին»:
Նշենք, որ դասընթացին մասնակցում են ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և կրթության ոլորտի մասնագետներ, որոնք դասընթացի ավարտին ստանալու են հավաստագրեր:
Մանրամասները՝ տեսանյութում: