July 07, 2023 | 20:57
Science
Education
New master's educational programs have been developed at YSU, which have been approved by the Scientific Council
Օրակարգային ու ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ վավերացվել են ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների ԳԽ որոշումները, հաստատվել մագիստրոսական կրթական նոր ծրագրեր ու ընդունվել մի շարք նախագծեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նիստի սկզբում ԳԽ անդամներին տեղեկացրեց, որ պատրաստ է ֆակուլտետների դեկանների ու ինսիտուտների տնօրենների հաշվետվության ձևաչափը և նշեց, որ դրա կատարելագործման նպատակով ակնկալվում է ստանալ կարծիքներ ու դիտարկումներ։
Այնուհետև` առաջարկված օրակարգը հաստատելուց հետո, ԵՊՀ ԳԽ հաստատմանը ներկայացվեցին ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների ԳԽ որոշումները, ինչի արդյունքում վավերացվեցին ԵՊՀ 23 ամբիոնների վարիչների պաշտոնների հավակնորդների ընտրությունների արդյունքները։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Սահակյանը ներկայացրեց մագիստրոսական կրթական նոր ծրագրեր և գործող ծրագրերի տևողության փոփոխություններ։ Նրա հաղորդմամբ առաջարկվում է Սոցիոլոգիայի ֆակուլտետում ներդնել «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մեկ տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում էլ՝ «Հանրային քաղաքականություն և կառավարում» երկու տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը։
Գիտական խորհուրդը հավանություն տվեց կրթական նոր ծրագրերի ներդրման ու գործող ծրագրերի տևողության վերաբերյալ փոփոխությունների առաջարկներին։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը հանդես եկավ ֆակուլտետի նորարարության և տնտեսագիտության ամբիոնը լուծարելու մասին Հոգաբարձուների խորհրդին ԳԽ-ի կողմից միջնորդություն ներկայացնելու առաջարկով, որը հաստատվեց։
Հաջորդիվ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունների ցանկը, որը հավանության արժանացավ։
Այնուհետև ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ներկայացրեց ԵՊՀ համախմբված եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվություն և Անկախ աուդիտորի եզրակացությունը (2022 թ․ դեկտեմբերի 31), որից հետո ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ներկայացրեց «ԵՊՀ շրջանավարտների ցանցի հայեցակարգն» ու գործողությունները։
Օրակարգի հարցերի սպառումից հետո ԵՊՀ ռեկտորը ԳԽ անդամներին ներկայացրեց այս ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Նիստի ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում ծավալած գործունեության, հայկական սպորտում ունեցած մեծ վաստակի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց ԵՊՀ հյուրերի տան տնօրեն, ՀՀ սպորտի և ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող, վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյանին։
ԳԽ անդամները շնորհավորեցին Ռուդիկ Բարսեղյանին՝ ընդգծելով նրա բարի ու ազնիվ ընկերոջ, բացառիկ մարդու, ուսուցչի, հոգատար աշխատակցի ու նվիրյալ համալսարանականի տեսակը։ Ռ․ Բարսեղյանն էլ նշեց, որ կյանքում շատ պարգևների է արժանացել, բայց ԵՊՀ ոսկե մեդալն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։