July 12, 2023 | 10:30
Science
Research
International cooperation
Optics and its Applications: International Symposium at YSU
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով միջազգային 11-րդ սիմպոզիումը (OPTICS11)` նվիրված ականավոր գիտնական, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) նախկին դեկան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին։
Անվանի ակադեմիկոսի կյանքին ու մասնագիտական գործունեությանը նվիրված ամենամյա սիմպոզիումի նպատակն է համախմբել լազերային ֆիզիկայի, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառներում տարբեր երկրների փորձառու գիտնականներին և ոլորտով հետաքրքրվողներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալու վերոգրյալ գիտաճյուղերում տեղի ունեցող նորարարություններին։
Լազերային ֆիզիկան հնարավորություն է տալիս ուսումնասիրելու միջավայրի հետ լազերային ճառագայթի փոխազդեցությունը, ոչ գծային օպտիկան, լազերային սպեկտրոսկոպիան, ինչպես նաև կոհերենտ և մագնիսաօպտիկական երևույթներն ատոմական գոլորշիներում։ Օպտիկան ուսումնասիրում է լույսի բնույթը, տարբեր միջավայրերում դրա տարածումը, ինչպես նաև նյութի հետ փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթները: Ֆոտոնիկայի հիմնական առաքելությունն է օպտիկական ազդանշանների ուսումնասիրումը և դրա հիման վրա կառուցվող տարբեր կիրառելիության սարքերի ստեղծումը։
Միքայել Տեր-Միքայելյանը 1960-ականների սկզբին իր ողջ ներուժը ներդրել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման ուղղությամբ, ինչի շնորհիվ նույն տասնամյակում նրա գիտական ղեկավարությամբ ստեղծվել է ԽՍՀՄ-ում առաջին պինդմարմնային լազերը:
Հուլիսի 11-ից 15-ն անցկացվող սիմպոզիումի բացման արարողությանը ներկա էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանում և հատկապես Երևանի պետական համալսարանում նմանօրինակ սիմպոզիումների կազմակերպման և անցկացման կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորն առանձնակի շեշտեց օպտիկայի, ֆոտոնիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտների զարգացման գործում դրանց ունեցած մեծ դերակատարումը:
«Վստահ եմ, որ միջազգային այս սիմպոզիումն արդյունավետ քննարկումներ ծավալելու, կարևոր երևույթների վերաբերյալ գաղափարներ գեներացնելու և շարունակական գործակցային կապեր հաստատելու հրաշալի հարթակ կդառնա, ինչի շնորհիվ կուրվագծենք նաև օպտիկայի կիրառության նոր հնարավորություններն ու հեռանկարները։
Հայ և օտարերկրյա մեծաթիվ գիտնականների ու երիտասարդ հետազոտողների մասնակցությունը սիմպոզիումին վկայում է համագործակցության սահմաններն ընդլայնելու կարևորության և անհրաժեշտության մասին»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը։
«Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով միջազգային 11-րդ սիմպոզիումի (OPTICS11) համանախագահ, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատող Նարինե Գևորգյանը, խոսելով սիմպոզիումի ստեղծման գաղափարի և Հայաստանում ֆիզիկայի ոլորտի զարգացման կարևորությունից, նշեց․ «Տարիներ առաջ մասնակցում էի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP, Իտալիա) կազմակերպած ձմեռային դպրոցին, որին ներկա էր նաև Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics) նախագահ Մարիա Կալվոն: Այդ ժամանակ հնարավորություն ունեցա Օպտիկայի միջազգային հանձնաժողովի նախագահին ներկայացնելու Հայաստանում օպտիկայի ոլորտում առկա ներուժը, ինչը հիմք դարձավ 2011 թ․ օգոստոսից հանձնաժողովին Հայաստանի անդամակցությանը և նույն տարվա սեպտեմբերին «Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով սիմպոզիումը կազմակերպելուն, որին, ի դեպ, ներկա գտնվեց նաև նշյալ հանձնաժողովի նախագահը»։
Շարունակելով խոսել սիմպոզիումի շրջանակում տարվող աշխատանքների և անցած ճանապարհի մասին՝ Ն․ Գևորգյանն ասաց․ «Երբ գրանցեցինք տեսանելի հաջողություններ, նպատակադրվեցինք դրանք դարձնել շարունակական և ընդարձակել մեր գործունեության շրջանակը՝ բացի Հայաստանից սիմպոզիում կազմակերպելով նաև արտերկրում։ Առաջին փորձն ունեցանք 2017 թ․, երբ սիմպոզիումն անցկացրինք Վրոցլավում (Լեհաստան), հետո՝ 2018 թ․ Տրենտոյում (Իտալիա), 2021 թ․՝ Ռոստոկում (Գերմանիա), իսկ նախորդ տարի՝ Կալի և Արմենիա քաղաքներում (Կոլումբիա)։ Մնացյալ տարիներին սիմպոզիումը կազմակերպվել է Հայաստանի տարբեր գիտական կենտրոններում: Այս տարի այն անցկացնում ենք ԵՊՀ-ում և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում»։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ. Մուշեղ Ռաֆայելյանը, խոսելով սիմպոզիումի ընձեռած հնարավորությունների և նշանակալի դերի մասին, ընդգծեց․ ««Օպտիկան և նրա կիրառությունները» սիմպոզիումը լավագույն հնարավորություններից է՝ միջազգային և հայկական գիտական համայնքը համախմբելու, Հայաստանում իրագործվող գիտահետազոտական աշխատանքները միջազգային գիտական հանրույթին ներկայացնելու, արտերկրում կատարվող գիտափորձերին ծանոթանալու, ինչպես նաև երիտասարդ և փորձառու մասնագետների հետ հաղորդակցվելու, համագործակցային հեռանկարներ քննարկելու և ունկնդրելու մասնագիտական զեկուցումներ»։
Սիմպոզիումի առաջին օրը Մ․ Ռաֆայելյանը հանդես է եկել «Լույսի ցրում և լույս-միջավայր փոխազդեցություն․ ճանապարհ դեպի մեծամասշտաբ և էներգախնայող օպտիկական հաշվողական համակարգիչներ» թեմայով զեկուցմամբ։
Սիմպոզիումի գլխավոր բանախոսներից մեկը՝ փորձարարական ֆիզիկայի պրոֆեսոր, Տրենտոյի (Իտալիա) համալսարանի Նանոգիտության լաբորատորիայի ղեկավար Լորենցո Պավեսին, խոսելով ներկայացրած թեմայի կարևորության և սիմպոզիումին քանիցս մասնակցելու մասին, նշեց․ «Ուղեղի աշխատանքը հասկանալու մեխանիզմն ու տրամաբանությունը միշտ եղել են իմ գիտական հետաքրքրությունների շրջանակում։ Մեր օրերում արհեստական նեյրոնները հնարավորություն են ընձեռում ընդօրինակելու ուղեղի աշխատանքի մեխանիզմը, ինչը կարելի է համարել ժամանակակից գիտական ձեռքբերումներից մեկը։ Սիմպոզիումի առաջին օրը ներկայացրել եմ «Նեյրոմորֆիկ հաշվարկ» թեմայով զեկուցում և ներկայացրել եմ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման գործում այս ուսումնասիրությունների տված հնարավորությունները։
Այս տեսանկյունից՝ օպտիկայի և ֆոտոնիկայի կիրառումը կարող է շրջադարձային լինել, քանի որ ֆոտոնիկան մեծ արագությամբ, սակայն էներգախնայող տեխնոլոգիա է, ինչը հետագայում կօգնի ԱԲ համակարգում էկոլոգիապես ավելի մաքուր ֆոտոնիկա կիրառելու»։
Նշենք, որ այս տարի կազմակերպված սիմպոզիումին մասնակցում են ավելի քան 20 երկրների գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հետազոտական տարբեր շրջանակներ ընդգրկող թեմաներով։ Սիմպոզիումի ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվում արդյունաբերության զարգացմանը վերաբերող մասնագիտական ելույթներին։ Ուսանողները ևս հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները։