July 24, 2023 | 10:07
Education
Competitions
Student
Beyond the dream, it is professional achievement, or how to become a competitive professional
«ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Աննա Ստեփանյանը։ Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացնելու, թե ինչ ուղի են անցնում իրավագիտության ոլորտն ընտրած երիտասարդները՝ հասարակության մեջ իրավական «հավասարակշռություն» և արդարություն պահպանելու համար:
Աննայի անցած «կրթական ուղևորությանը» հետևելով՝ կնկատեք, թե ինչպես է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ստացած գիտելիքների շնորհիվ երազանքը փոխվում նպատակի, ապա՝ վերածվում իրականության՝ դառնալով մեկ ամբողջական շղթա՝ անբեկանելի որոշումներով:
Նախ՝ երազանքի մասին: Աննան մեծացել է տնտեսագետների ընտանիքում, մշտապես աչքի ընկել իր գերազանցությամբ, կամային բնավորությամբ, մարդասիրական ձգտումներով և անփոփոխ որոշումներով: Նա դեռ դպրոցական տարիքից ցանկացել է դառնալ իրավաբան, թեպետ մշտապես առաջարկել են բազմաթիվ այլ տարբերակներ ևս, քանի որ ունեցել է տարբեր ոլորտներում հաջողելու մեծ ներուժ։ Թվում է՝ նրա ճանապարհին պետք է բազմաթիվ խոչընդոտներ հանդիպած լինեն, բայց ո՛չ, քանի որ երբ ընտրում ես կրթական այնպիսի հաստատություն, որտեղ դասախոսում են ոլորտի լավագույն մասնագետները, հեշտությամբ ես հաղթահարում աշխատանքի ընթացքում հանդիպած դժվարությունները:
Հիմա՝ նպատակի մասին: Բակալավրիատում սովորելիս նա ձեռք է բերել իրավունքի բոլոր ճյուղերի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, անդամակցել ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը, հեղինակել մի քանի հոդվածներ։ Դրանք վերաբերում են օրենքների՝ դեռևս նախագծման փուլում առկա մի շարք խնդիրների վերհանմանը և պրակտիկ լուծումներ առաջարկելուն, ինչպես նաև օրենքների պետաիրավական և հակակոռուպցիոն փորձաքննությանն ու այդ օրենքների կարգավորման ազդեցության գնահատմանը:
Հետաքրքիր է, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանն անդամակցելու շնորհիվ զարգացնելով գիտական մտածողությունը՝ Աննան հետագայում հնարավորություն է ունեցել մասնակցելու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կազմակերպած մի շարք ծրագրերի: Հատկանշական է, որ վերջերս «Գլոբալ խաղաղության տեղական արմատները» միջազգային կոնֆերանսի ժամանակ հանրահռչակ պրոֆեսորների և հեղինակավոր բուհերի ուսանողներին նա ներկայացրել է ՀՀ ներպետական իրավական զարգացումների վերաբերյալ կարևորագույն հիմնահարցերն ամփոփող զեկուցում:
Իր գիտական ակտիվության և գրանցած հաջողությունների համար Աննան դարձել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Մխիթար Գոշ» անվանական, ինչպես նաև աշխարհում ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակման խոշորագույն կազմակերպության՝ «DAAD»-ի կրթաթոշակակիր (կրթաթոշակը տրվել է «ԵՄ-ի և Ռուսաստանի իրավական կարգավորումների փոփոխություն. Արևելյան գործընկերության շրջանակներում իրավական գործընթացները» ծրագրի շրջանակում, որտեղ նա ընտրվել է որպես Հայաստանը ներկայացնող երիտասարդ հետազոտող)։
Աննայի՝ հաջողություններ գրանցելուն նպաստել է նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկային անդամակցելն ու գործնական գիտելիքներ ձեռք բերելը։ Այնտեղ նա իրականացրել է քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավախորհրդատվություն և եղել կլինիկայի իրականացրած «Իրավունք բոլորի համար» ծրագրի անդամ, որտեղ իրավական գիտելիքներ է տվել մի շարք երիտասարդների՝ փորձելով նպաստել նաև նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Այս ամենից զատ՝ Աննան ստացած համընդգրկուն գիտելիքների շնորհիվ կարողացել է համագործակցել նաև «Թրանսփարենսի ինթերնեշնալ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, դարձել Հակակոռուպցիոն 8-րդ դպրոցի շրջանավարտ:
Իր հաջողություններում համալսարանի դերակատարման մասին պատմում է ինքը՝ Աննան...
«Դեպի հաջողություն տանող ճանապարհը հաճախ հեշտ է թվում, բայց իրականում այն ենթադրում է անքուն գիշերների քրտնաջան աշխատանք ու մեծ համառություն: Թեպետ ես փոքր տարիքից աչքի եմ ընկել ուժեղ բնավորությամբ, այնուամենայնիվ համալսարանում եմ կոփվել որպես անհատ: Այս միջավայրում ես սովորել եմ կրթությամբ պայքարել անարդարության դեմ, առաջնորդվել դիմացինին օգնելու սկզբունքով, և ամենաբարդ ժամանակներում մնալ մարդ՝ պատրաստ կյանքի մարտահրավերներին:
Այժմ որպես փորձագետ աշխատում եմ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում: Պլանավորում եմ սովորել ՀՀ փաստաբանական ակադեմիայում և զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ավելի հասուն տարիքում ինձ պատկերացնում եմ որպես դատավոր: Իսկ երբ ավարտեմ մագիստրոսական կրթությունս և ուսումս շարունակեմ ասպիրանտուրայում, կկարողանամ դերակատարում ունենալ նաև հայ իրավական միտքը միջազգային գիտական հանրույթին ներկայացնելու գործում: Լիահույս եմ՝ իմ հաջողության պատմությունն այս ոլորտն ընտրել ցանկացողներին կոգեշնչի հավատալ, որ ԵՊՀ-ն է այն «անցակետը», որտեղ երազանքը վերածվում է իրականության»: