August 08, 2023 | 15:13
Education
Competitions
Student
YSU students are the medal winners of the International Mathematics Competition
YSU students won one gold and three silver medals in the International Mathematics Competition. The team was led by Karen Keryan. Ph.D., the head of YSU's "Applied Statistics and Data Science" Master's program.
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած Մաթեմատիկական միջազգային ուսանողական 30-րդ օլիմպիադային (International Mathematics Competition) մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (393 ուսանողներ): Ոսկե մեդալի է արժանացել Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը և Վահրամ Ասատրյանը:
Հայաստանյան պատվիրակությունը օլիմպիադային մասնակցում է 2005 թվականից․ 2013 թվականից խումբը ղեկավարում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը։
Մեզ հետ զրույցում պատվիրակության ղեկավարը փաստեց, որ հատկապես վերջին տարիներին հայաստանյան թիմերը լավագույնս նախապատրաստվում են օլիմպիադային, ինչի շնորհիվ գրանցում են նշանակալի հաղթանակներ՝ արժանանալով բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալների։
«Այսօրինակ հաղթանակներն էական դեր ունեն հատկապես արտասահմանյան նշանավոր բուհերում հետբուհական կրթության դիմելիս, քանի որ դրանց մեծ ուշադրություն է դարձվում։ Բացի դրանից՝ օլիմպիադան հովանավորում են առաջատար ու հանրահռչակ կազմակերպություններ, որոնք, հնարավոր է, աշխատանքի առաջարկ անեն հաղթած ուսանողներին»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով նախորդ տարիներին օլիմպիադային մասնակցած և բարձր արդյունքներ գրանցած ուսանողների հաջողություններին՝ Կ․ Քեռյանը նշեց, որ նրանց մի մասը շարունակում է իր գործունեությունը ակադեմիայում՝ հիմնականում արտերկրում, իսկ մյուսները հայաստանյան տարբեր ընկերությունների առաջատար մասնագետներ են ինչպես մեքանայական ուսուցման, այնպես էլ հարակից բնագավառներում։ Նրանք միաժամանակ համատեղում են դասավանդումը, այդ բնագավառներում ամենահեղինակավոր գիտաժողովներին հոդվածներ ներկայացնելը և զեկուցումներով հանդես գալը։
Նշենք, որ թիմի մարզիչներն էին Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը։